«Պետք է կասեցնել արնահեղությունը Երևանի փողոցներում». Սերժ Թանկյանի անդրադարձը՝ երևանյան իրադարձություններին
Աշխարհահռչակ System of A Down խմբի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում ժամեր առաջ գրառում է կատարել՝ անդրադառնալով Երևանում կատարվող իրադարձություններին և իր մտորումները ներկայացնելով ստեղծված փակուղու և ներկայիս քաղաքական վիճակի վերաբերյալ:
Նրա խոսքով՝ բազմաթիվ մարդիկ աշխարհում շփոթված են, թե ինչու Երևանում ոստիկանական շենքի գրավումը պատճառ դարձավ Հայաստանի բնակչության և իշխանությունների միջև անդառնալի բաժանման:
«Տարիներ շարունակ անցկացվող խաղաղ ցույցերը, անվերջանալի համակարգային կոռուպցիան, որը ներառում է նաև ԼՂ պաշտպանության բանակը, դատական անհավասարությունը, ոստիկանության բռնությունները, ընտրական համակարգը, արտաքին միջամտությունը, տնտեսական հնարավորությունների պակասն են հարուցել Նախագահ Սերժ Սարգսյանի իշխող կառավարության դեմ հիասթափության», – գրում է Թանկյանը:
1) Ընտրախախտումները, ընտրական քվեները և ընտրական գործընթացներն այլևս չպետք է անտարբերության մատնվեն և պետք է հանդիպեն Հայաստանի բնակչության դիմակայությանը: Պետք է ուժեղացնել քաղաքացիական հասարակությունը երկրի ներսում և ապահովել գալիք ընտրությունների անցկացման լիակատար թափանցիկությունը միջազգային մեդիաների միջոցով:
2) Մենք չենք ցանկանում, որ օտար իշխանություններն իրենց սեփական քաղաքական շահերի համար օգտագործեն մեր երկրում կատարվող բողոքի ցույցերը: Մենք մեր անցածից սովորել ենք, որ օտարերկրյա ուժերը շահագրգիռ են քաղաքական գործիքներն իրենց սեփական շահերի համար օգտագործելու մեջ:
3) Հայկական սփյուռքը ևս հավասարակշռության կարիք ունի, որը պետք է լինի երկրի ներսում: Սփյուռքի լռությունը երկրում տիրող անարդարության վերաբերյալ անցած մի քանի տասնամյակում մեր երկրի վիճակն ավելի վատացրեց, ոչ թե լավացրեց:
4) Մեր կամքը և ապագա քննարկումները պետք է տեղի ունենան ողջ հայության հետ հանրային ֆորումների միջոցով: Դա նշանակում է, որ հասարակական ֆորումը ընկած է իրական ժողովրդավարության հիմքում:
5) Մենք Էրդողանի Թուրքիան չենք. բռնությունն ու լրագրողների բանտարկությունը չպետք է հանդուրժվեն: Մեր մշակութային ժառանգությունն է բաց և բարձրաձայն խոսելը, և մենք դրան արժանի ենք Օսմանյան կայսրությունում 600 տարի ապրելուց հետո: Լրագրողների վրա հարձակվելը ցանկացած երկրի թուլության մասին է վկայում:
6) Ոստիկանապետն ու Երևանի քաղաքապետը պետք է բացատրություն տան, թե ինչպես պետք է իրավիճակը հանգուցալուծվի Երևանի ոստիկանության կողմից: Ոստիկանական համակարգը նույնպես պետք է վերապատրաստվի:
7) Ոչ մի բռնություն. որքան էլ ժողովուրդը հիասթափված լինի իշխող էլիտայից, չպետք է բռնության ալիք բարձրացնի ոստիկանության ներկայացուցչի կամ որևէ մեկի նկատմամբ: Այս սպաներից շատերը մեր որդիներն ու դուստրերն են: Ոչ ոք արժանի չէ բռնության: 90 տոկոս կրթվածության մակարդակ ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է, չպետք է լինի ամբոխի իշխանություն:
Նախագահն ու Հայաստանի իշխանությունները պետք է ցույց տան իրենց լիդերությունն ու անհապաղ ապաէսկալացնեն իրավիճակը զիջումների միջոցով:
Մենք չենք կարող այլևս տեսնել մեր հայրենիքը ճնշված և դատարկվող: Պատմության կուրսը պետք է փոխվի գործողություններով և ոչ թե անտարբերությամբ:
Ամենից կարևորն այն է, որ մենք հենց այս պահին կարիք ունենք կասեցնել արնահեղությունը Երևանի փողոցներում»: