Բակո Սահակյանը ծանոթացել է թալիշցիների համար բնակարանների կառուցման ընթացքին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին այցելել է Մարտակերտի շրջան: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը ծանոթացել է շրջանում իրականացվող ճանապարհների եւ հիդրոէլեկտրակայանների շինարարական աշխատանքներին:
Նախագահն այցելել է նաեւ Ալաշան տեղամաս եւ տեղում ծանոթացել սույն թվականի ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով իրենց տները լքած թալիշցիների համար բնակարանների կառուցման աշխատանքներին: Նախագահը նշել է, որ պետությունը անելու է հնարավորը պատերազմի հետեւանքները վերացնելու համար: Այնուհետեւ Պողոսագոմեր գյուղում նախագահը հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել բնակավայրի կենսագործունեությանն առնչվող հարցերին:
Նույն օրը Վանք գյուղում Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն Մարտակերտի շրջվարչակազմի եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկվել են Մարտակերտի շրջանի եւ համայնքների սոցիալտնտեսական զարգացմանը, առկա խնդիրներին ու հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել հացահատիկային կուլտուրաների բերքահավաքին:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որայսուհետ էլ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի շրջանի գյուղատնտեսության ոլորտը զարգանա բարձր եւ կայուն տեմպերով:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: