Լարված իրավիճակ Խորենացի փողոցում. ցուցարար կանանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է
Խորենացի փողոցում իրավիճակը ներկայումս շատ լարված է:
Ոստիկանությունը կոչ արեց ցուցարարներին դադարեցնել հավաքը՝ հայտարարելով, թե նրանց գործողություններն անօրինական են: Այդ ընթացքում ցուցարար կանանցից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Շտապօգնությունն արագորեն մոտեցավ, ներկայում վերջիններս փորձում են օգնություն ցուցաբերել կնոջը, ով հրաժարվում է մեքենա բարձրանալ:
Միևնույն ժամանակ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ոստիկանները սադրանքի են դիմել: Նրա խոսքով՝ քաղաքացիական հագուստներով ոստիկաններն իրենց հագուստների տակից հանել են մահակներն ու ծեծել ցուցարարներին:
Նա կոչ արեց մարդկանց դուրս գալ տներից, կասեցնել արյունահեղությունը, աջակցել «Սասնա ծռերին»: «Չի կարելի թույլ տա Հայաստանի ապագայի կործանումը: Դուրս եկեք փողոց և դադարեցրեք արյունահեղությունը»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ոստիկանությունից պահանջեց չդիպչել ժողովրդին:
Խորենացի փողոցում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: