Էրդողանը չի բացառել ԱՄՆ մասնակցությունը հեղաշրջման փորձի կազմակերպմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել ու սուր քննադատության է արժանացրել ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջոզեֆ Վոթելի հայտարարությունը, որով նա մտահոգություն էր հայտնել Ամերիկայի հետ համագործակցող մի շարք թուրք զինվորականների ձերբակալության կապակցությամբ: Այս մասին տեղակացնում է РИА Новости-ն:
«Ամբողջ աշխարհն է տեսնում, որ մենք ժողովրդավարության կողմնակիցն ենք, սակայն ինչ որ մեկն անհանգստանում է այն մարդկանց համար, ովքեր ճաղերի հետեւում են: Ամերիկյան գերատեսչություններից մի գեներալ ասում է, որ բանտ են գցում իր հետ կապի մեջ գտնվող զինվորականներին: Դա քո գործը չէ. ո՞վ ես դու»,- հայտարարել է էրդողանը` չբացառելով, որ ձախողված հեղաշրջման հետեւում կանգնած է ԱՄՆ-ն:
«Մեր ժողովուրդը տեսնում է ամեն ինչ: Նա, ով անում է նման հայտարարությյուններ, բացահայտում է ինքն իրեն»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 246 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 2185 է: Հեղաշրջման փորձ կազմակերպելու համար Թուրքիայի կառավարությունը մեղադրում է Թուրքիայում արդի իսլամի գաղափարախոսության հիմնադիր, ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին: