Բաժիններ՝

Ինչո՞ւ Հակաճգնաժամային համակարգող խորհուրդը երեկ գիշերը տեր չկանգնեց հանրահավաքի մասնակից քաղաքացիներին

«Տղաների կորովն անվեհեր է, բարձրագույն աստիճանի վրա է գտնվում: Ներսում ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին, իրենց վճռականությունը մնում է նույնը»,- քիչ առաջ շտապ հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ և համակարգող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Նա հրապարակեց ներկայումս «Սասնա ծռեր» խմբի անդամների երկու գործնական պահանջները. «ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բժիշկներին փոխարինելու գա բժշկական բրիգադ, այսինքն՝ այդ դեպքում ներսում գտնվող բժիշկները դուրս կգան»: Ա.Ենիգոմշյանը հերքեց, որ բժիշկները պատանդառված են, միայն խնդիր է դրված, որ բժշկական ծառայությունը լինի տևական և հերթափոխով:

Ա.Ենիգոմշյանը նշեց, որ երկրորդ պահանջն է, որ պատգամավորները քայլեր ձեռնարկեն և հասնեն նրան, որ Ոստիկանությունը բացի դռները, և պատգամավորները ներս մտնեն գնդի տարածք, հանդիպեն «Սասնա ծռերի» տղաների հետ:

«Բանակցություններ, ըստ էության, չեն եղել: Այն բանակցությունները, որ եղել են, դրանք իմիտացիոն բնույթ են կրել, վարչախմբի ներկայացուցիչները ոչ մի անգամ իսկական բանակցություններ չեն վարել: Ժիրայր Սէֆիլյանն առաջին օրվանից իր մասնակցությունն էր առաջարկել, որին պատասխանել էին, թե պատանդներին բաց կթողնեն, հետո կխոսեն մնացածի մասին: Իշխանության խաբեության և ստոր գործելաոճը մինչև հիմա շարունակվում է»,- ասաց Ա.Ենիգոմշյանը:

Հարցին, թե ինչո՞ւ Հակաճգնաժամային համակարգող խորհուրդը երեկ գիշերը տեր չկանգնեց հանրահավաքի մասնակից քաղաքացիներին, Ա. Ենիգոմշյանը պատասխանեց, որ քաղաքացիները շարունակում են ներգրավվել համաժողովրդական ապստամբության մեջ, իսկ խորհուրդը երեկ նկատել է, որ կա սադրանք, փորձել է ստուգել վարչախմբի մտադրությունները և պարզել, որ կա հստակ միտում՝ սադրանքների միջոցով բախումներ ու ծեծուջարդ, բռնություններ հրահրել և իրագործել այնտեղ հավաքված ժողովրդի շրջանակներում. «Մենք փորձել ենք խոչընդոտել, որ այդ սադրանքը չիրականանա և գիշերն անցկացնենք ժողովրդական ուժերի համար նվազագույն վնասներով, այդ պայքարը կանգ չի առել և շարունակվելու է»:

Անդրադառնալով ԱԱԾ-ի հրապարակած «Սասնա ծռերի» տղաների խոսակցության ձայնագրությանը, Ա. Ենիգոմշյանը հայտարարեց, թե այն մոնտաժված է, դրանում ներքին տարաձայնությունների, անհամաձայնության ոչ մի դրվագ չկա, ընդամենն այդ պահին ստեղծված վիճակի հակազդեցություն է:

Ստորև ներկայացնում ենք ԱԱԾ տեսանյութը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս