«Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանն Ուկրաինայում չէ». ՀՀ դեսպան
Հայաստանում հետախուզվող Վահան Մարտիրոսյանը, ով փախել էր Ադրբեջան, չի տեղափոխվել Ուկրաինա:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ընկերներ, ինչպես գիտեք, Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում է ՀՀ քաղաքացի Վահան Մարտիրոսյանը: Նա մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ և, պատասխանատվությունից խուսափելու նպատակով, ՀՀ տվյալ քաղաքացին փախել էր Ադրբեջան: Սակայն հենց նրա և ադրբեջանական մամուլի կողմից մշտապես տեղեկատվություն է տարածվում, իբրև թե նա ուղարկվել է Ուկրաինա:
Այս տեղեկատվության հայտնվելու առաջին օրվանից սկսած Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը ձեռնարկել է բոլոր դիվանագիտական քայլերը՝ իրադրությունը պարզելու համար: Եվ ահա, մենք ստացել ենք Ուկրաինայի իշխանությունների պաշտոնական պատասխանը՝ Ուկրաինայի տարածքում այդ անձի գտնվելու մասին մեր հարցման վերաբերյալ:
Ինչպես և սպասելի էր, Մարտիրոսյանը Ուկրաինայում չէ, և նրա բոլոր փորձերը ցույց տալու, թե ինքն իբր Ուկրաինայում է, սուտ է: Չի բացառվում, որ նա և նրա ներկայիս տերերն այսուհետ ևս զուր փորձեր կանեն ցանկալին որպես իրականություն ներկայացնելու ուղղությամբ, բայց մենք հիմնվում ենք փաստերի և իրողության վրա»:
Հիշեցնենք, որ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը, ով ամիսներ առաջ կնոջ և երեխայի հետ Հայաստանից փախել էր Ադրբեջան ու քաղաքական ապաստան խնդրել այդ երկրից, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին պատմել էր, որ տեղափոխվել է Ուկրաինա:
«Ես Ուկրաինայում եմ, որովհետև Ուկրաինան մի երկիր է, որն ինձ նախ և առաջ ընդունեց, հետաքրքրվեց՝ ինչքանով եմ տեղյակ գործերին, որոնք գլխիս սարքեցին Հայաստանում, ու նայելով դրանց՝ ասացին, որ դա ոչ թե սպիտակ թելով, այլ պարկի թելով կարված գործ է, իսկական խարդախություն»,- պատմել էր նա: