
Արայիկ Հարությունյանը Հադրութում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հադրութ շրջկենտրոնում՝ վարչակազմի և համայնքների պատասխանատուների մասնակցությամբ:
Ա. Հարությունյանը հացահատիկային մշակաբույսերի կազմակերպված բերքահավաքի համար գոհունակություն է հայտնել շրջանի բնակիչներին: Նա նշել է, որ չնայած ապրիլյան ռազմագործողությունները մեծապես խանգարել են գյուղատնտեսական աշխատանքներին, այնուամենայնիվ, հաջողվել է հացահատիկի անկորուստ բերքահավաք կազմակերպել:
Խորհրդակցության ընթացքում Հադրութի գլխավոր գյուղատնտեսը ներկայացրել է շրջանի աշնանացանի բերքահավաքի արդյունքները, ըստ որոնց՝ գարու միջին բերքատվության ցուցանիշը կազմել է 21.5 ց, իսկ ցորենինը՝ 27.5 ց:
Գործադիր իշխանության ղեկավարը ներկայացված ցուցանիշների վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել և նշել, որ բերքի մշակման աշխատանքները տնտեսվարողների կողմից գտնվում են մեծ մասամբ ոչ պատշաճ վիճակում: «Անցնող տարին հացահատիկի բերքի ստացման համար շատ բարենպաստ է եղել, սակայն անհրաժեշտ ագրոմիջոցառումների չիրականացման պատճառով բերքի արձանագրված միջին ցուցանիշներն ավելի ցածր են, քան կարելի էր ստանալ»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով աշնանացանի նախապատրաստական աշխատանքներին՝ Ա. Հարությունյանը կրկին իր դժգոհությունն է հայտնել, որ դրանք ընթանում են թույլ տեմպով:
Այդ առթիվ խորհրդակցության մասնակիցները որոշակի պարզաբանումներ են ներկայացրել, որոնց հետևել են գործադիր իշխանության ղեկավարի համապատասխան հանձնարարականները՝ առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև համայնքային նշանակության այլ հարցեր: