«Հղիության մասին հայտնել եմ առանց ավելորդ «շոուների»». Ֆաինա Հարությունյան
Կլորացած փորիկով դիզայներ Ֆաինա Հարությունյանի հետ զրույցի ընթացքում հասկացա, որ դիզայների հետ առհասարակ չեմ խոսում նորաձևությունից: Ինչո՞ւ: Դե, որովհետև կա շատ ավելի հետաքրքիր թեմա՝ «կլորացած փորիկը»: Ինչո՞ւ Ֆաինան այդպես էլ չի ցանկանում կրել հարսի զգեստ և ի՞նչ պատասխան է տալու ապագա դստերը, թե ո՞ւր է իր հարսի զգեստով լուսանկարը: Այս և այլ հարցերի շուրջ մեզ հետ զրույցում անկեղծացավ Ֆաինան:
-Ֆաինա, ինչպե՞ս «խիզախեցիք» իրականացնել ծնող դառնալու Ձեր որոշումը: Ի վերջո, նոր չեք ամուսնացել, սակայն բալիկ ունենալու ժամանակ ոչ մի կերպ չէիք գտնում:
– Իրականում «խիզախելու» հարց չկար: Ընտանիք արդեն կազմել էինք և հիմա էլ բալիկի ենք սպասում: Առհասարակ, ես կողմնակից եմ նրան, որ ամուսինները մի քանի տարի ապրեն միասին, հետո նոր բալիկ ունենան: Դա շատ կարևոր քայլ է և երկուսն էլ պետք է պատրաստ լինեն դրան:
-Կարծում եմ դա շատ ավելի կարևոր է երեխայի համար, որը պետք է լույս աշխարհ գա: Շատ անգամներ ականատես ենք, որ ամուսիններն ուղղակի չեն դիմանում ամուսնությունից 9 ամիս հետո «հանկարծակի վրա հասած շոկին»՝ երեխային:
-Համամիտ եմ Ձեզ հետ և ամեն դեպքում ամեն ընտանիք պետք է ինքնուրույն ծնող դառնալու որոշումը կայացնի:
– Որպես աշխատասեր և բիզնեսի մեջ հաջողակ կին, պատրա՞ստ եք արդյոք մի կողմ դնել աշխատանքն ու նվիրվել միայն, այսպես ասած՝ տակդիրներ փոխելուն:
-Այո, իհարկե: Դրա համար էլ նշում եմ, որ պետք է պատրաստ լինել: Աստված տա ամեն ինչ նորմալ լինի և ես կկարողանամ համատեղել ամեն բան: Իմ թիմն ինձ կօգնի աշխատանքում, իմ ընտանիքը՝ բալիկի խնամքի և տան հարցերի լուծման մեջ: Այնպես որ, չեմ վախենում:
-Ինչպե՞ս եք մեկնաբանում հայերիս՝ տղա երեխա ունենալու մոլուցքը, և, սեռով պայմանավորված, հղիության արհեստական ընդհատումները:
-Անկեղծ ասած, ես ուղղակի չեմ հասկանում մարդու այդ տեսակը: Եվ, մեղմ ասած, լավ չեմ վերաբերում այն մայրերին, ովքեր դիմում են հղիության արհեստական ընդհատումներին՝ միայն այն պատճառով, որ երեխան աղջիկ է:
-Դուք աղջիկ եք ունենալու, արդերն կողմորոշվե՞լ եք անվան հարցում: Կա՞ն տարբերակներ:
-Անունը դեռ չենք որոշել, սպասում ենք իրեն, հետո նոր կորոշենք:
-Ինչպե՞ս եք ձեր ամուսնուն հայտնել հղիության մասին: Եվ ինչպիսի՞ն էր նրա արձագանքը:
-Արտյոմը շատ ուրախացավ, իհարկե: Հղիության մասին հայտնել եմ առանց ավելորդ «շոուների»: Հիմա էլ անհամբեր սպասում է, թե երբ կդառնա պապա:
-Ֆաինա, ինձ համար մի քիչ տարօրինակ է Ձեզ հետ խոսել միայն մայրությունից և չհարցնել, թե ի՞նչն է նորաձև և ի՞նչը՝ ոչ: Ձեր «կլորացած փորիկն» ավելի հետաքրքիր է այս պահին:
-Ես շատ քիչ եմ խոսել մայրությունից: Հասկանում եմ, որ հիմա պետք է այդ մասին հարցնեն: Նորմալ եմ վերաբերվում: Ընդհանրապես անձնական թեմաներ շատ քիչ եմ քննարկում: Բայց երևի մեկ-մեկ կարելի է:
–Իսկ հիմա վերադառնանք Բաքու, որտեղ վերջերս տեղի ունեցած «Ժառա» երաժշտական փառատոնի ժամանակ ռուս երգչուհի Կատյա Լելը ներկայացել էր Ձեր հեղինակած զգեստով: Երգչուհին Instagaram-ի իր էջում լուսանկարներ էր հրապարակել:
-Իրականում այդ թեմայով պատմելու շատ բան չունեմ: Առաջարկեցին աշխատել իր հետ, բայց ոչ մշտական, այլ փորձնական և ես համաձայնեցի: Իմ Instagaram-ից լուսանկարներ ուղարկեցի, նա ընտրեց, հավանեց և հետո ինձ ասացին, որ ուղարկեմ Կատյայի կողմից հավանած զգեստները: Ես էլ ուղարկեցի և 2 օր անց տեսա նրա լուսանկարը՝ իմ կարած զգեստով: Ասել են, որ շնորհակալ է և կցանանար կրկին համագործակցել ինձ հետ: Ուղղակի այնքան արագ ամեն ինչ ստացվեց: Թե չէ՝ շատ ավելի հետաքրքիր բան կմտածեի: Ասեմ, որ Մոսկվայից ևս ունեմ առաջարկներ՝ և դերասանուհուց, և ռեժիսորից: Հնարավոր է՝ շուտով լուսանկարները տեսնեք:
-Մեր ռուս «բարեկամնե՞րն» են ավելի թանկ են վճարում Ձեր զգեստները կրելու համար, թե՞ հայերը:
-Իմ գները նույնն են: Ես չեմ նշում «հատուկ գին»՝ ըստ հաճախորդի՝ ոչ Հայաստանում, ոչ էլ մեկ այլ երկրում: Հստակ գներ են և նույնն են բոլորի համար:
-Նաև հարսի զգեստներ եք կարում: Երբևէ ցանկություն չի՞ առաջացել կրելու դրանցից մեկը:
-Անկեղծ ասած՝ ոչ: Այնքան շատ են հարսիկներն իմ կյանքում, որ պայման չէ՝ ես էլ հարս լինեմ:
-Երբ Ձեր աղջիկը հարցնի՝ «Մամ, բա քո հարսի շորով նկարն ո՞ւր ա», ի՞նչ եք պատասխանելու: Նրանք սովորաբար հարցնում են:
-Ցույց կտամ նրան բոլոր այն հարսի շորերը, որ կարել եմ և կասեմ, որ սրանք են իմ հարսի շորերը:
-Հայ հայրերը վերջերս հաճախ են ներկա լինում իրենց բալիկների լույս աշխարհ գալու ընթացքին: Արտյոմի մոտ կա՞ նման ցանկություն: Հաշվի առնելով նրա մասնագիտությունը, նա այնտեղ կգա տեսախցիկով և ամեն ինչ կնկարահանի խոշոր պլանով:
-Մենք այդ առումով երևի հին տարբերակով կանենք. ամուսինս կսպասի ներքևում, շենքի տակ՝ առանց տեսախցիկի: Ես նորմալ եմ վերաբերում, երբ հայրերը ներկա են գտնվում իրենց երեխաների լույս աշխարհ գալուն: Հարգում եմ ցանկացած որոշում այդ հարցում:
-Այս հարցին խնդրում եմ պատասխանել առավել, քան անկեղծ: Մնաց մեկ ամիս… վախենո՞ւմ եք:
-Այո: Բայց չեմ մտածում այդ մասին: Մտածում եմ միայն արդյունքի՝ երեխայիս մասին:
-Հղիներին հատուկ է տարօրինակ ցանկությունները, օրինակ՝ «ձմերուկի չիր»՝ գիշերվա «հազարին», էմոցիաների և պահվածքի կտրուկ և անհիմն փոփոխություններ… Ի՞նչ տարօրինակություններ են ի հայտ եկել Ձեզ մոտ:
-Իմ հղիության ամենամեծ տարօրինակությունն այն է, որ ոչ մի տարօրինակ բան ինձ մոտ այդպես էլ ի հայտ չեկավ: Չնայած, մի բան կա: Առաջ պարտաճանաչ գնում էի աշխատանքի, հիմա մեկ-մեկ «փախչում» եմ: Ընդհանուր առմամբ շատ անհետաքրքիր հղի եմ: