Բաժիններ՝

«Սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե մեզ սկսեն ընկալել որպես վտանգավոր երկիր, որպես անկայուն տարածաշրջան». Արեգ Միքայելյան

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը ֆեյբուքյան իր էջում անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից Էրեբունի վարչական շրջանում գտնվող Պահակա-պարեկային ծառայության (ՊՊԾ) գունդը գրավելու հետևանքով ստեղծված իրավիճակին, գրել է.

«Այս օրերին չեմ շտապում կարծիք հայտնել, քանի որ երկու կողմում էլ մեր եղբայրները, հայրերն ու զավակներն են։ Բացի այդ, յուրաքանչյուր կարծիք անհանդուրժողական կերպով է ընդունվում։ Համաձայն եմ այն տեսակետին, որ առաջին հերթին չպետք է թշնամություն սերմանել և ամեն գնով խուսափել զոհերից ու արյունահեղությունից։ Բայց որքան էլ փորձենք խոհեմության կոչեր անել, միակ եզրակացությունս հետևյալն է․ այժմ մի կողմ թողնենք քաղաքական վերլուծությունները, իշխանություն-ընդդիմություն հարցերը, ընդհանրացնող մեկնաբանությունները․․․

ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ

Միայն այսպես է հնարավոր զերծ մնալ հետագա թշնամացումից, այս ամենի խորացումից։ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, նախարարները, պատգամավորները, ոստիկանապետը, բոլոր իշխանավորները… այս պահին պետք է հասանելի լինեն, պետք է դուրս գան փողոցներ, կանգնեն ժողովրդի և ոստիկանների միջև, խոսեն, բացատրեն, փորձեն գոնե ինչ-որ բան հասկանալ։ Այդ դեպքում և ՈՉ ՄԻ ՈՍՏԻԿԱՆ չի համարձակվի ձեռք բարձրացնել որևէ մեկի վրա, այդ դեպքում և ՈՉ ՄԻ ՔԱՂԱՔԱՑԻ քար չի նետի ոստիկանի վրա։ Համոզված եմ… Փա՛ռք Նիկոլ Փաշինյանին, ով անկախ ամեն ինչից դա անում է, նույնիսկ գուցե ինքն էլ չպատկերացնելով, թե ինչ զարգացումներ են լինելու։

Մենք մի բուռ ժողովուրդ ենք և դեռ ապրելու ենք այս երկրում, եթե ուզում ենք այն պահպանել։ Այսօր Հայաստանի միջազգային հեղինակությունը սարսափելի ընկած է։ Ինչո՞ւպետք է օտար գերտերությունները մեր օգտին որևէ հարց լուծեն։ Որովհետև հնագույն մշակույթ ունեցող ժողովո՞ւրդ ենք։ Թե՞ որովհետև բռի ժողովուրդ ենք։ Սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե մեզ սկսեն ընկալել որպես վտանգավոր երկիր, որպես անկայուն տարածաշրջան։ Մենք տասնամյակներով հետ ենք գլորվելու։ Այդ դեպքում ո՛չ մի տնտեսական զարգացում այլևս չի փրկի։ Սա ԲՈԼՈՐԻՍ է վերաբերում․ իշխանավոր, ընդդիմադիր, ոստիկան, թե ցանկացած հասարակ քաղաքացի…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս