
Դեսպան Չարչօղլյանը հավատարմագրերն է հանձնել Հունաստանի նախագահին

Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հուլիսի 21-ին իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով.
«Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ժամանակ նախագահ Պավլոպուլոսը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց առաքելության իրականացման ընթացքում: Նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Չարչօղլյանն իր ակտիվ գործունեությամբ էլ ավելի կամրապնդի հայ հունական երկկողմ բարեկամական հարաբերությունները` միաժամանակ իր աջակցությունը հայտնելով դեսպանին իր առաքելության իրականացման գործում։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և իր առաքելությանն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար՝ դեսպան Չարչօղլյանը Հունաստանի նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները` ընդգծելով, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Հունաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում սերտ համագործակցության ամրապնդմամբ, ընդարձակմամբ ու շարունակականությամբ:
Նախագահ Պավլոպուլոսի խնդրանքով դեսպան Չարչօղլյանը ներկայացրեց ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի արդյունքում հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը»: