ՀՀ ոստիկանությունը հայտարարում է
Այսօր Երևանի Ազատության հրապարակում հավաքված մի խումբ անձինք հայտարարել են, որ երթով շարժվելու են դեպի Խորենացի փողոցի այն հատվածը, որը շարունակում է արգելափակված մնալ հուլիսի 17-ի առավոտյան ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի վրա կատարված զինված հարձակման և այդտեղ պատանդներ պահելու հետևանքով: Միաժամանակ, հավաքի մասնակիցները փորձում են վերջնագրեր ներկայացնել ոստիկանությանը և իրավապահ այլ մարմիններին՝ նրանցից պահանջելով կատարել կոնկրետ գործողություններ կամ ձեռնպահ մնալ օրենքով իրենց վերապահված լիազորություններն իրականացելուց:
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հուլիսի 17-ի առավոտից Խորենացի փողոցում իրավասու պետական մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվում է հակաահաբեկչական օպերացիա: Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևան քաղաքի այդ հատվածում քաղաքացիական բնակչության և տրանսպորտի ազատ տեղաշարժը սահմանափակված է և մնալու է այդպիսին, քանի դեռ ստեղծված իրադրությունով պայմանավորված՝ իրավասու մարմինների կողմից այլ որոշում չի կայացվել: Ոստիկանությունը հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ արկածախնդրությունից, երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի և իրավապահ մարմինների համար չստեղծել լրացուցիչ դժվարություններ:
Միաժամանակ ոստիկանությունը զգուշացնում է, որ այս հորդորներին և նախազգուշացումներին չենթարկվելու, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնող իրավապահ մարմինների գործունեությունը որևէ կերպ խոչընդոտելու դեպքերում իրավախախտների նկատմամբ կիրառվելու են օրենսդրությամբ նախատեսված համարժեք միջոցներ: