
Թուրքիայում ձերբակալվել է Էրդողանի գլխավոր ռազմական խորհրդականը

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր ռազմական խորհրդական Ալբայ Ալի Յազիչիին, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Վերջինս մեղադրվում է ձախողված ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Թուրքիայի հարավում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազայի հրամանատարներից մեկը ձերբակալվել է երկրում հեղաշրջում իրականացնելու փորձին առնչություն ունենալու մեղադրանքով:
Sky News Arabia հեռուստաալիքի տեղեկություններով՝ «Ինջիրլիք» բազայի հրամանատարը ձերբակալվել է Ադանայի մարզում: Նույն շրջանում բազայի հրամանատարի հետ կալանավորվել է ևս 10 թուրք բարձրաստիճան սպա:
Հիշեցնենք, որ շաբաթ գիշեր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ Թուրքիան բախվել է բանակի ապստամբության փորձի հետ:
Թուրքիայում զինվորականների խումբը հայտարարել էր, թե վերահսկողության տակ է վերցրել ողջ երկիրը, սակայն մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ Թուրքիայի կառավարությունը վերահսկում է երկրում իրավիճակը: