Բաժիններ՝

Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ պաշտոնական հարցում Անկարայից չի ստացվել. Ջոն Քերի

ԱՄՆ-ը դեռ Թուրքիայից պաշտոնական հարցում չի ստացել Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ, այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

«Մենք չենք ստացել ոչ մի պաշտոնական հարցում»,- ասել է նա CNN հեռուստաընկերության եթերում:

Նրա խոսքով՝ արտահանձնման համար հարկավոր են «լուրջ հիմքեր»:
«Մենք սպասում ենք հարցման»,- ասել է Քերին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային արտահանձնել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ապրող նուրսիստների ու «Հիզմեթ» շարժման թուրք առաջնորդ, իսլամի մասին 50-60 գրքի հեղինակ, գյուլենական շարժման հիմնադիր, ողջ աշխարհում միլիոնավոր հետևորդներ ունեցող Ֆեթուլլահ Գյուլենին, որին Անկարան մեղադրում է երկրում զինված հեղաշրջում անելու փորձի մեջ:

«Ես դիմում եմ ԱՄՆ նախագահին: Ես ասում էի, որ դուք կա՛մ արտաքսեք այդ մարդուն, կա՛մ արտահանձնեք, սակայն ինձ չլսեցին: Հիմա՝ հեղաշրջման այդ փորձից հետո, ես դարձյալ ասում եմ՝ նրան արտահանձնեք Թուրքիա: Եթե մենք ռազմավարական գործընկերներ ենք, ապա դուք պետք է կատարեք մեր խնդրանքը»,- հայտարարել է Էրդողանը:

Անձամբ Գյուլենը շաբաթ երեկոյան դարձյալ հայտարարել է, որ խռովությանն առնչություն չունի:

Ավելի վաղ քարոզիչը հասցրել էր դատապարտել երկրում հեղաշրջման փորձը: Օբաման դեռ չի մեկնաբանել Գյուլենին արտահանձնելու Անկարայի խնդրանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս