Շոտլանդիան կարող է անցկացնել անկախության մասին նոր հանրաքվե
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերժենը հայտարարել է, Շոտլանդիայի անկախության հարցով երկրորդ հանրաքվեն կարող է անցկացվել 2017 թվականի առաջին կեսին:
Նրա խոսքով՝ դա հնարավոր կդառնա, եթե բրիտանական կառավարությունը պաշտոնապես սկսի Եվրամիությունից դուրս գալու գործընթացը՝ առանց հաշվի առնելու Շոտլանդիայի շահերը:
BBC-ին տված հարցազրույցում Նիկոլա Ստերժենը հայտնել է, որ Շոտլանդիան կարող էր մնալ ինչպես Միացյալ Թագավորության, այնպես էլ ԵՄ-ի կազմում, անգամ եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ կազմից:
ԵՄ մի քանի երկիր արդեն հայտարարել է, որ դեմ է Բրյուսելի և Էդինբուրգի միջև Շոտլանդիայի՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցության մասին բանակցություններին:
Հուլիսի 15-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը այցելել է Էդինբուրդ, որտեղ Brexit-ը քննարկել է Շոտլանդիայի առաջին նախարարի հետ: