Թերեզա Մեյը դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը հանձնարարել է Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյին ձևավորել երկրի նոր կառավարությունը: Մեյի հանդիպումը թագուհու հետ Բուքինգհեմյան պալատում հաջորդել է Դեյվիդ Քեմերոնի հետ Մեծ Բրիտանիայի միապետի հանդիպմանը, որի ընթացքում վերջինս ընդունել է Քեմերոնի ներկայացրած հրաժարականի դիմումը:
Բուքինգհեմյան պալատում ընդունելությունից հետո Մեյը կմեկնի Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայր` «Դաունինգ սթրիթ 10», որտեղ տեղի կունենա «միջուկային ճամպրուկի» բանալիների փոխանցումը նոր վարչապետին: Մեյը դարձավ բրիտանական պատմության երկրորդ կին վարչապետը. առաջինը Մարգարեթ Թեթչերն էր` «երկաթյա լեդին», ով Չերչիլից հետո ամենաերկար պաշտոնավարած վարչապետն էր:
Պահպանողական կուսակցության մեջ լիդերության մրցակցությունը սկսվեց այն բանից հետո, երբ դեյվիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարական տալու իր մտադրության մասին` կապված հունիսի 23-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների հետ, որի արդյունքում բրիտանացիների 52 տոկոսը կողմ քվեարկեց Եվրոպական միությունից դուրս գալուն: