Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղն այս տարի ընդունել է ավելի քան 400 արտասահմանցի զբոսաշրջիկ

Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում գործող «Թայմ Լենդ» հիմնադրամի ջանքերով այս տարվա ապրիլ­ հունիս ամիսների ընթացքում Կալավան է այցելել ավելի քան 400 արտասահմանցի զբոսաշրջիկ: Ինչպես «Արմենպրես»-­ին տեղեկացրեց «Թայմ Լենդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը, այցելուները Կալավան են ժամանել հիմնականում Իսրայելից: «Համադրելով տեղի բնական ու մարդկային ռեսուրսները եւ շեշտը դնելով էկոլոգիապես մաքուր միջավայրի պահպանմանը, գյուղում մեծ արագությամբ զարգացնում ենք էկո տուրիզմը: Ափսոս միայն, որ Կալավան այցելել ցանկացողների թիվը մի քանի անգամ գերազանցում է գյուղի հնարավորությունները: Աշխատանքներ են տարվում գյուղում հյուրատների քանակի ավելացման համար, որը այս պահին համարվում է մեր համայնքի հրատապ խնդիրներից մեկը: Գյուղում գիշերակացի համար հազիվ կարողանում ենք ապահովել 10 տեղ, իսկ մնացածները հարկադրված են լինում գիշերել վրաններում»,­- ներկայացրեց Ռոբերտ Ղուկասյանը:

Նկատի ունենալով շրջակա միջավայրի կարեւորությունը համայնքի զարգացման գործում՝ «Թայմ Լենդ» հիմնադրամը ամերիկյան «Գլոբլ Գրինգրանտս» հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է Կալավան համայնքում շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցության գնահատում: Ըստ «Թայմ Լենդ»-­ի տնօրենի՝ այս տարվա օգոստոս ամսից կմեկնարկի նաեւ համայնքում օրգանիկ գյուղատնտեսության զարգացման ծրագիրը: Ոլորտի զարգացման համար մշակվում է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակ ունեցող տնտեսությունների ցանկն՝ ըստ հողերի գտնվելու վայրերի եւ դրանց սեփականատերերի:

Սահմանվում են այդ հողերի նկատմամբ բուֆերային գոտիները, միջոցներ են ձեռնարկվում առանձնացված հողերի սերտիֆիկացման համար: «Արտասահմանցի զբոսաշրջիկներին առավել հետաքրքրում է շրջակա միջավայրը, պատմության եւ բնության հուշարձանները, գյուղի մարդկանց կենցաղն ու մշակույթը, բուսական ու կենդանական աշխարհը, եւ, առավելապես, քարեդարյան կյանքի մարդու կյանքի վերարտադրությունը, երբ այցելուներին հնարավորություն է տրվում՝ ժամանակավորապես ապրել քարեդարյան մարդու կենցաղով. աշխատել քարե գործիքներով, քարից կրակ ստանալ, սնվել վայրի բույսերով, գտնվել քարեդարյան կացարանում: Բազմաթիվ այլ մտահղացումներ ունենք, որոնք դեպի մեզ են ձգում օտարերկրյա, ինչու ոչ, նաեւ տեղացի զբոսաշրջիկներին: Իհարկե, այս տարվա ամենամեծ իրադարձությունը սեպտեմբերին Ալյասկայում «Արկածային Տուրիզմի Համաշխարհային Համաժողովում» Կալավանի ծրագրերը ներկայացնելն է :

Դեպքերի այսպիսի արագ զարգացումը մեզ համար անակնկալ է, բայց սա եւս ապացուցում է, որ մենք կանգնած ենք ճիշտ ճանապարհին, եւ Գեղարքունիքի մարզը կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել համաշխարհային զբոսաշրջության ոլորտում»­հավատացնում է «Թայմ Լենդ»-­ի տնօրենը:

Վերջինիս կարծիքով՝ ապրիլյան պատերազմը ժամանակավորապես նվազեցրեց օտարերկրացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Կալավան, սակայն մայիսի երկրորդ կեսից հետո այն կրկին ակտիվացավ: «Նախորդ տարվա համեմատ արտասահմանցիների հոսք Կալավան եթե չի ավելացել, ապա չի էլ պակասել: Բայց հույս ունենք, որ խաղաղության ամրապնդումից հետո մեր բոլոր ձեռնարկներն ավելի հուսալիորեն կիրագործվեն»,- ­հավելեց Ռոբերտ Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս