Էդուարդ Շարմազանովն այցելել է ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական պահպանության դիրքեր
Աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն հուլիսի 12-ին մինչ պաշտոնական հանդիպումներն այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի մարտական պահպանության դիրքեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀԿ մամուլի ծառայությունից, առաջնագծում ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակը ծանոթացել է զինծառայողների կեցության պայմաններին, մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին և իրավիճակին:
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ յուրաքանչյուր այցելություն առաջնագիծ խորհելու տեղիք է տալիս, իսկ զինվորների հետ հանդիպումները ոգևորիչ են: «Պետական այրերը պետք է հաճախ լինեն առաջնագծում, որտեղից ուժ ենք ստանում և գիտակցում , որ մենք սխալվելու իրավունք չունենք»,- ասել է նա:
Սահմանում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը վերահաստատել է իր հայտարարությունն այն մասին, որ Արցախի անկախությունը որևէ քննարկման ենթակա չէ, և Արցախի ճակատագիրը իրավասու է որոշելու միայն արցախահայությունը: «Միակողմանի զիջումներ չեն լինելու, իսկ փոխզիջումները կարող են լինել միայն խելամիտ սահմաններում»,- ընդգծել է Է. Շարմազանովը: