Քաղցր միջոցառում LOFT -ում
Հուլիսի 11-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Choco Fest շոկոլադի փառատոնը: Շոկոլադի միջազգային օրվան նվիրված միջոցառումը տեղի ունեցավ LOFT կենտրոնում: Շոկոլադ սիրողների պակաս այդ օրը չէր նկատվում:
Փառատոնին մասնակցեցին շոկոլադ արտադրող և ներմուծող հայկական յոթ ընկերություններ: Շոկոլադե դրաժեներ, սալիկներ, շոկոլադապատ չիրեր, ըմպելիքներ ու այլ արտադրանքներ: Բոլոր մասնակիցները ջանացին հնարավորինս գրավիչ ներկայացնել իրենց արտադրանքը:
Choco Fest-ի կազմակերպիչն էր LOFT-ը: Choco Fest-ի անցկացման առաջարկի հեղինակ Ջոն Մկրտչյանը մեզ հետ զրույցում պատմեց «քաղցր ֆեսթի» մտահղացման և իրականացման մասին:
«Պարզապես շոկոլադասերներով հավաքվել էինք և որոշել Հայաստանում ևս նշել շոկոլադի միջազգային տոնը: Ցավոք, Հայաստանում շատ փոքր է շուկան, սակայն մենք փորձեցինք համախմբել բոլոր հայ արտադրողներին: Վստահ եմ, որ մյուս տարի մասնակիցների քանակը գնալով կավելանա»,-ասաց նա:
Մեր հարցին, թե ինչո՞ւ շոկոլադ արտադրող մեծ ընկերությունները չեն մասնակցում միջոցառմանը, Ջոնը պատասխանեց.
«Նրանք չցանկացան մասնակցել՝ պատճառաբանելով, որ ֆորմատը չի համապատասխանում: Որևէ պարզաբանում՝ հարցին, թե «ֆորմատը չի համապատասխանում»-ն ի՞նչ է նշանակում՝ այդպես էլ չեղավ: Մեծ ընկերությունները, ինչպիսիք են՝ «Գրանդ Քենդին», «Դարոինկը», չցանկացան մասնակցել: Կարծում եմ՝ ուղղակի ուզում էին տեսնել, թե այս տարի ինչպես կանցնի միջոցառումը»:
Մեր հարցին, թե որքանո՞վ է եկամտաբեր Հայաստանում շոկոլադի արտադրությունը, Ջոնը պատասխանեց. «Choco Fest կազմակերպմանն ընդառաջ այդ թեմայով զրուցել եմ արտադրող ընկերությունների հետ: Եվ նրանք պնդում են, որ Հայաստանում իրոք եկամտաբեր է շոկոլադի արտադրությունը, քանի որ մեր ազգը սիրում է շոկոլադ: Այստեղ արդեն մատուցման, հաճախորդին ուրույն կերպով գրավելու հարցն է: Ունենք արտադրողներ, որոնք նույնիսկ շոկոլադապատ բաստուրմա են արտադրում»: