Եվրո-2016. Պորտուգալացիները ոչ մի անգամ չեն հաղթել Ֆրանսիային
Այսօր երեկոյան Պորտուգալիա – Ֆրանսիա եզրափակիչ խաղով ավարտվում է թվով 15-րդ Եվրոպայի առաջնությունը: «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում Պորտուգալիան և Ֆրանսիան կպարզեն, թե որ հավաքականն է լավագույնը Եվրոպայում:
Եզրափակիչ խաղից առաջ պորտուգալացիները շատ քիչ հաղթանակներ են տոնել: Պորտուգալիայի հավաքականը ընգրկված էր F խմբում: Այստեղ Սանտուշի սաները երեք անգամ ոչ ոքի խաղացին և, զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը, դուրս եկան 1/8 եզրափակիչ:
1/8 եզրափակչի հիմնական ժամանակում պորտուգալացի ֆուտբոլիստները չկարողացան գրավել Խորվաթիայի հավաքականի դարպասը: Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեներին, սակայն, Կուարեժմայի գոլը հաղթանակ պարգևեց Պորտուգալիային: Քառորդ եզրափակչի արդյունքը կրկին ոչ-ոքի էր: Այստեղ պորտուգալացիները կարողացան հաղթել Լեհաստանին 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ: Արդեն կիսաեզրափակչում Պորտուգալիան 2 գնդակի առավելությամբ հաղթեց Ուելսին:
Ֆրանսիայի ազգային հավաքականը A խմբում հարցեր չունեցավ՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը: 1/8 եզրափակչում Ֆրանսիացիները հաղթեցին Իռլանդիային: Ֆրանսիայի մասնակցությամբ 1/4 եզրափակիչը ամենագոլառատ խաղն էր Եվրո-2016-ում. ֆրանսիացիները 5:2 հաշվով հաղթեցին մրցաշարի հայտնություն Իսլանդիային:
Կիսաեզրափակչում ֆրանսիացիները հաղթեցին աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային:
Հետաքրքիր է, որ հավաքականների պատմության մեջ տեղի ունեցած 6 հանդիպումներում Պորտուգալին չի կարողացել հաղթել Ֆրանսիային՝ 4 անգամ հիմնական և 2 անգամ լրացուցիչ ժամանակներում:
Թիմերը այս խաղին մոտեցել են լավագույն կազմերով: Պորտուգալիայի հավաքականում հարցականի տակ էր միայն Պեպեի մասնակցությունը, սակայն բժիշկները հավաստիացրել են, որ Պեպեն կկարողանա խաղալ ողջ ծանրաբեռնվածությամբ:
Ըստ բուքմեյքերների՝ այս խաղի ֆավորիտը Ֆրանսիայի հավաքականն է: Ֆրանսիացիների հաղթանակը գնահատվում է 2.10 գործակցով: Հիմնական ժամանակում ոչ ոքի արդյունքի համար սահմանվել է 3.17 գործակիցը: Պորտուգալացիների հաղթանակի գործակիցը 4.50 է:
Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22.50-ին: Խաղի գլխավոր մրցավարը անգլիացի Մարկ Կլատենբուրգն է:
Սիրարփի Աղաբաբյան