Դավիթ Լոքյանը մասնակցել է Զառիթափի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացմանը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի և Արարատի մարզեր: Վայոց ձորի մարզում նախարարը Զառիթափի համայնքապետարանում մասնակցել է Զառիթափի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության երևանյան գրասենյակի համաղեկավար Լուկաս Լուշերը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Արթուր Դրամփյանը, ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏԿԶՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Դավիթ Լոքյանն իր ողջույնի խոսքում կարևորել է գրասենյակի հիմնումը, նշելով, որ այն մեկ միասնական տեղեկատվական հարթակի միջոցով փոխգործակցության հնարավորություն կստեղծի խոշորացման արդյունքում միավորված համայնքների միջև: Գրասենյակը թույլ կտա վարչական ծառայություններ մատուցել բնակիչներին անմիջապես իրենց բնակավայրերում (այդ թվում՝ առցանց), և միավորված համայնքների բնակիչները ստիպված չեն լինի ծառայություններ ստանալու համար հասնել համայնքային կենտրոն:
«Շուտով կառավարությունը կընդունի Հայաստանի տարածքների զարգացման ռազմավարությունը, որով նախատեսվում է տարածքներում լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնել: Մենք կփորձենք ոչ միայն լուծել ենթակառուցվածքային խնդիրներ, այլև կապահովենք մասնավոր բիզնեսի մուտքը տարածքներ՝ աշխուժացնելով տնտեսական գործոնը»,- նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ծրագրին աջակից դոնոր կազմակերպություններին:
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն իր ելույթում գրաասենյակի հիմնումը տարբեր կառույցների համագործակցության լավագույն օրինակ է համարել: Անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին, դեսպանը նշել է, որ այդ ծրագրով համայնքների համար լավագույն հնարավորությունները կստեղծվեն: Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ: 2015թ.-ից ի վեր ծրագրի շրջանակում հիմնվել է ևս չորս ՔՍԳ Շինուհայրում, Թումանյանում, Աբովյանում և Արտաշատում:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակները թույլ են տալիս «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն Համայնքային կառավարման Տեղեկատվական Համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որի միջոցով հնարավոր է մատուցել առցանց ծառայություններ բնակիչներին, հետևել դրանց ընթացքին, իսկ հարցերի դեպքում՝ առցանց դիմել համապատասխան մասնագետներին: ՀԿՏՀ-ն տրամադրում է կարևոր տեղեկատվություն համայնքի վերաբերյալ, ինչպես նաև հնարավոր է դարձնում քաղաքացիների առցանց ներգրավումը համայնքային մակարդակով որոշումների կայացմանը:
Այնուհետև Դավիթ Լոքյանը Զառիթափում տարածաշրջանի համայնքապետերի հետ քննարկում է ունեցել համայնքների խոշորացման, ինչպես նաև այս տարածաշրջանում ներդրումային հնարավոր ծրագրերի շուրջ, պատասխանել համայնքապետերին հուզող հարցերին: Համայնքների խոշորացման ծրագրով նախատեսվում է Զառիթափ համայնքը միացնել հարևան 8 համայնքների (Արտավան, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս) հետ՝ Զառիթափ կենտրոնով: Այցի շրջանակում նախարարն այցելել է նաև Զառիթափի մանկապարտեզ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Շենքը վերանորոգվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ. համայնքը կունենա բարեկարգ մանկապարտեզ՝ շուրջ 55 երեխա ընդունելու հնարավորությամբ:
Զառիթափից Տարածքային կառավարման և զարգացման նախարարը մեկնել է Արարատի մարզի Ուրցաձոր համայնք, այցելել համայնքային կենտրոն, ծանոթացել շենքային պայմաններին: Այստեղ է կենտրոնացած համայնքապետերանը, համայնքի մշակութային կենտրոնը, որտեղ գործում է 9 խմբակ, ինչպես նաև Քաղաքացիների սպասարկման գրասենյակը: Նախարարը շրջել է կենտրոնում, որից հետո համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքային խնդիրներին և համայնքների խոշորացմանն առնչվող հարցեր: