«Վիեննայի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններն են նախանշում ԼՂ հակամարտության կարգավորման ուղին». Պյոտր Սվիտալսկի

«Մեզ բոլորիս պարզ է, որ վերջին ամիսները նոր ընթացք ու դինամիկա են հաղորդել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Վիեննայի հանդիպումը նոր գլուխ բացեց այն ջանքերի գործընթացում, որ ուղղված է խնդրի ամբողջական լուծում գտնելուն: Վերջերս էլ ականատես եղանք մի այլ կարևոր հանդիպման Սանկտ Պետերբուրգում: ԵՄ-ն լիովին սատարում է այս շրջանակներում կատարվող ջանքերին, իհարկե, առաջատար դեր կատարում են Եվրոպան և Մինսկի խումբը: Շատ մոտ ապագայում` վաղը, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը կգա Երևան, կհանդիպի ՀՀ նախագահի, արտգործնախարարի հետ: Նրա այցելությունը վկայում է, որ ԵՄ-ն ուզում է ընկալվել՝ որպես աջակցող գործընկեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ հայտարարեց ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ըստ նրա` շրջահայաց չէր լինի այդ ջանքերի մասին շատ խոսելը, քանի որ այս ընթացքը շատ առումով գաղտնի է և լուռ գործընթաց է պահանջում: Դեսպանը նշեց, որ ԵՄ-ն շարունակում է օժանդակությունն այն ջանքերին, որոնք ուղղված են գործընթացի հանգուցալուծմանը, Վիեննայի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին, քանի որ դրանք են նախանշում հակամարտության կարգավորման ուղին:

Պ.Սվիտալսկու խոսքով` ԵՄ ռազմավարության մեջ հակամարտությունների նկատմամբ համալիր մոտեցման բաղադրիչը յուրահատուկ տեղ է գրավում, ԵՄ-ն ցանկանում է էլ ավելի մեծ տեղ ունենալ հակամարտությունների կանխման ողջ տիրույթի մեջ, կանխարգելիչ միջոցառումներով կանխել հակամարտությունները: Նա նշեց, որ ԵՄ-ն հաճույքով մասնակցություն կունենա ԼՂ հարցով հաշտության տևական ձեռքբերման գործում:

ԵՄ դեսպանը հրաժարվեց մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումից Ալիևի հրաժարումը և կոչ արեց լռության. «Ինչպես ասացի` շատ լուրջ ջանքեր են գործադրվում, մասնավորապես` Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների կողմից: Սա դիվանագիտության ժամանակն է, բարձրախոսային դիվանագիտոթյան, հրապարակային դիվանագիտության ժամանակը չէ, և ես հակված չեմ հրապարակային ելույթներից որևէ մեկը մեկնաբանել: Թողնենք դիվանագիտությունն աշխատի»:

Տեսանյութեր

Լրահոս