
Էրդողանն առաջարկել է քաղաքացիություն շնորհել սիրիացի փախստականներին

Թուրքիայի իշխանությունները պատրաստ են երկրում ապրող սիրիացի փախստականներին հնարավորություն տալ ստանալ թուրքական քաղաքացիություն, հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Այսօր ես լավ լուրեր ունեմ մեր եղբայրների և քույրերի համար, որոնք այստեղ են գտնվում: Նրանց թվում կան Թուրքիայի քաղաքացիություն ստանալ ցանկացողներ: Մեր ներքին գործերի նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ: Թուրքիան նաև ձեր տունն է»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Սիրիայի հետ սահմանակից Քիլիս քաղաքում՝ Թուրքիայի հարավ-արևելքում:
Սահմանամերձ Քիլիսում, որտեղ նախօրեին այցով ժամանել էր Էրդողանը, սիրիացի փախստականները թվաքանակով գերազանցում են տեղի բնակչությանը:
Սիրիացի փախստականներին Թուրքիայի քաղաքացիության տրամադրման հարցերով զբաղվելու են Թուրքիայի ՆԳՆ-ի կողմից ստեղծված գրասենյակները: Այն մասին, թե ինչպես է գործելու ծրագիրը, երկրի իշխանությունները մտադիր են հայտարարել մոտ ժամանակներս: