Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծին, որը Խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել Ֆրանսիայի կառավարությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը: «Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել կառավարության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը: Նախագիծը սեպտեմբերին կքննարկվի Սենատում, որտեղ հաստատվելուց հետո կրկին կվերադառնա Ազգային ժողով վերահստատվելու համար»,- ասաց Փափազյանը` հավելելով, որ ներկա բոլոր 21 պատգամավորները կողմ են քվեարկել նախագծին:
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստի վրա աշխատել են Ֆրանսիայի կառավարության և ֆրանսահայ կազմակերպությունների իրավաբանները: Տեքստը մշակվել է Ֆրանսիայի Սահմանադրությանը համապատասխան և հայ համայնքի համար ընդունելի տարբերակով: «Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնող օրենքինախագծի» տեքստը Ֆրանսիայի կառավարությունը հրապարկել է հունիսի 29-ին: Փոփոխությամբ նախատեսվում է մեկ տարի ազատազրկում կամ 45.000 եվրոյի չափով տուգանք սահմանել Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար: Նա հավելեց, որ այժմ հայկական համայնքը պետք է լուրջ աշխատանք տանի, որպեսզի նախագիծը հաստատվի նաև Սենատում` նկատելով, որ այդ ընթացքում Թուրքիան էլ իր լծակներով փորձելու է ամեն ինչ անել`Սենատի կողմից նախագծի հաստատումը կանխելու համար:
«Թուրքիան, իհարկե, չէր սպասում, որ Ազգային ժողովն այսքան արագ նման որոշում կկայացնի: Նրանք փորձում էին ճնշում գործադրել կառավարության վրա և նախագահ Օլանդից պահանջում էին հետ կանչել օրինագիծը, սակայն դա չեղավ: Հիմա մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք, և ես համոզված եմ, որ հաղթանակ կտանենք», ասաց Փափազյանը:
«Այս տարվա հունվարի 25-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կառավարության ներկայացուցիչներին հանձնարարեց առաջարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացող օրենքի տեքստ, որը կհամապատասխանի նաև Սահմանադրությանը: Հայկական կազմակերպությունների մասնագետներն աշխատեցին ֆրանսիացի իրավաբանների հետ՝ մեզ համար ընդունելի և Սահմանադրությանը համապատասխանող տեքստ մշակելու համար: Նախագիծը հավասար է հակառասիստական և հակասեմիտական օրենքների տեքստերին»,- ասաց Փափազյանը: Նրա խոսքով՝ օրինագծի տեքստում որպես ցեղասպանության օրինակ նշվում է Հայոց և Ռուանդայի ցեղասպանությունը: