Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում
Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:
«Մենք սպասում ենք արդեն ավելի քան 20 տարի: Միջնորդները միշտ ասում են մեզ՝ սպասեք, լուծեք խաղաղ ճանապարհով: Վերջին ժամանակ նրանք դա ավելի հաճախ են կրկնում: Ո՞վ է ուզում, որ պատերազմ սկսվի: Սակայն մենք ցանկանում ենք կարգավորել այդ հակամարտությունը»,- մեջբերում է Ադրբեջանի նախագահի խոսքերը նրա մամուլի ծառայությունը:
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի քաղաքականության հիմնական հարցը, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն է:
Նրա խոսքով՝ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
«Այլ ուղի չկա: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, որոնք պահանջում են հայկական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրս բերում մեր հողերից, պետք է իրականացվեն, ստատուս քվոն պետք է փոխվի»,- ընդգծել է նա: