
«Որոշել ենք 7-8 տարվա առաջ մասնակիցներին հրավիրել, տեսնել՝ ուր են հասել, հայրենասիրության բոցկլտումները ուր են հասել»

«Արի տուն» ծրագրի շրջանակներում Սփյուռքի երիտասարդության` Հայաստան ճանաչողական այցելությունների կազմակերպման նպատակով անցած տարի պետական բյուջեից տրամադրվել է 93.5 մլն դրամ` ապահովելով 93.5% կատարողական: Նախորդ տարվա համեմատ այս ծախսերն աճել են 10.8%-ով` հիմնականում պայմանավորված մասնակիցների թվի ավելացմամբ:
Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ 1103 երեխա է մասնակցել «Արի տուն» ծրագրին: Նրա գնահատմամբ` ծրագիրը շատ արդյունավետ է իր մասշտաբով:
«Այս տարվա համար որոշել ենք 7-8 տարվա առաջ մասնակիցներին հրավիրել, տեսնել՝ ուր են հասել, հայրենասիրության բոցկլտումները ուր են հասել»,- ասաց Հ.Հակոբյանը:
Ըստ նրա` 70 հազար մարդ այս ծրագրի շրջանակներում կապվել են իրար հետ. «Այս ընթացքում 7000 մարդ է եկել, ընտանիքները եթե 5 հոգի հաշվենք, տեսեք, թե ինչքան մարդ է կապվել իրար հետ»: