Բաժիններ՝

«Հանուն համընդհանուր վերելքի». Շիրակացու ճեմարանում բացվեց ցուցահանդես

«Հանուն համընդհանուր վերելքի». այս կարգախոսով անցավ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում կազմակերպված ցուցահանդեսը: Այն ՄԱԿ-ի սահմանած Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվա շրջանակում կազմակերպել էին ճեմարանականներ Կարեն Քրմոյանը և Դավիթ Մուսայելյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսում ներկայացված են աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքների 11 պետություններ, այդ թվում` Ֆրանսիան, Անգլիան, ԱՄՆ-ն, Վրաստանը, Կանադան, Հնդկաստանը, Ճապոնիան և այլ երկրներ: Բնական է, որ ներկայացված է նաև Հայաստանը: Ներկայացվածները հիմնականում այն երկրներն են, որտեղ գործում են Միջազգային բակալավրիատի ծրագրով առաջնորդվող դպրոցներ:

Ցուցահանդեսի մասնակից յուրաքանչյուր խումբ ներկայացնում էր մի երկիր և իրեն հատկացված տարածքում կազմակերպել էր տվյալ երկրի մշակույթին վերաբերող որոշ տեղեկատվություն, այդ երկրների ազգային խոհանոցի առավել հայտնի նմուշները:

Ներկայացված երկրների ազգային տարազներով ճեմարանականները ներկաներին առաջարկում էին ֆրանսիական կրուասան ու ռոքֆոր, վրացական խաճապուրի, տղեմալի և աջիկա, լիմոնադներ, սապերավի, հնդկական ջանլեբի հաց, արգենտինական թխվածքներ, իտալական պիցցա, ճապոնական օձաձկով սուշի, բրիտանական բիսկվիտ և թեյի տեսակներ, ամերիկյան «Ֆանտա», «Կոկա-կոլա» և համբուրգեր: Հայերը, բնական է, հյուրերին առաջարկում էին համտեսել մեր գաթան ու փախլավան և իհարկե` լավաշը, որի պատմությունը սկիզբ է առնում 5 հազարամյա խորքերից:

Բացի ազգային մշակույթին ծանոթանալու ու խոհանոցի լավագույն տեսակներն ըմբոշխնելու հնարավորությունից, Շիրակացու ճեմարանի` Հայաստան աշխարհը ներկայանցող սաները փորձեցին օտարերկրյա հյուրերին, իսկ դրանք Հայաստանում հավատարմագրված դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն էին, սովորեցնել հայկական թամրազա պարը, իսկ Արգենտինան ներկայացնող աղջիկները ներկայացրին լատինամերիկյան պարերի շարք:

Բացման արարողությունը հայերեն և անգլերեն վարում էին միջոցառման կազմակերպիչներ Կարեն Քրմոյանը և Դավիթ Մուսայելյանը: Ելույթ ունեցավ ճեմարանի ավագ դպրոցի տնօրեն Զարուհի Ղալթաղչյանը, ով շնորհավորեց ու նաև շնորհակալություն հայտնեց այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպողներին և համոզմունք հայտնեց, որ կգա մի օր, երբ արտասահմանյան դպոցների շրջանավարտները Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը նշելիս անպայման կանդրադառնան Հայաստանի դարավոր մշակութային ավանդույթներին, հայոց աշխարհի երգ ու պարին, ինչ պես այս անգամ դա արել են Շիրակացու ճեմարանի սաները:

Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանի և Զարուհի Ղալթաղչյանի ուղեկցությամբ ՀՀ-ում Ճապոնիայի փոխդեսպան Կենիչիրո Սասամեն և մյուս հյուրերը ծանոթացան ներկայացված երկրների տաղավարներին, ըմբոշխնեցին այդ երկրների ավանդական խմիչքներն ու ուտեստները:

«Արմենպրես»-ի թղթակիցը խնդրեց Կենիչիրո Սասամեին պատմել իր տպավորությունների մասին: «Ես մի բառով կասեմ` պարզապես հիացած եմ,- ասաց ճապոնացի դիավանգետը: -Ճիշտն ասած այստեղ գալիս որոշ թերահավատություն էի զգում` արդյոք երեխաները կկարողանան հավուր պատշաճի ներկայացնել իմ և մյուս երկրների մշակույթն ու դարավոր ավանդույթները: Ես այստեղ զգացի, թե ինչ հիանալի կրթօջախ է Շիրակացու անվան ճեմարանը, որի համբավը վաղուց է տարածված Հայաստանի սահմաններից դուրս: Ճեմարանականները, հավատարիմ օրվա կարգախոսին, կարողացան ցույց տալ մշակույթների բազմազանության ուժը: Ինչ վերաբերում է ներկայացված խոհանոցների ցուցանմուշներին, ապա ընտրությունը կատարված էր հավուր պատշաճի: Ապրեն երեխաները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս