Բաժիններ՝

«Որդան կարմիրն» իր եկամուտների 10%-ը կփոխանցի Արցախի ֆոնդին

Հայկական ամենահայտնի ռոք խմբերից մեկը՝ «Որդան կարմիրը», հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի աջակցության ծրագրով:

«Որդան կարմիր» խումբն արդեն երկրորդ անգամ Արցախի ֆոնդին է փոխանցում համերգի եկամուտը: Վերջին համերգից հետո, երբ խումբը փոխանցեց 135. 000 դրամ, կայացվեց որոշում, որ փոխանցումները կկրեն պարբերական բնույթ:

Համերգների, շապիկների և սակավառակների վաճառքի գումարի 10%-ը կփոխանցվի խմբի կողմից առավել կարևոր համարվող ոլորտի՝ առավել վստահելի ֆոնդերին։
Առաջիկա ժամանակներում դա կլինի Արցախի պաշտպանության ու զարգացման ֆոնդը։
168.am-ի հետ զրույցում խմբի բաս-կիթառահար Դավիթ Գալստյանը նշեց, որ ապրիլյան դեպքերից հետո, սահմանային գոտում իրավիճակի սրացումը շատ բան ստիպեց հասկանալ թե՛ խմբի անդամներին, թե՛ ողջ ազգին՝ այլ կերպ նայել շատ հարցերի:

Vordan Karmir (1) Vordan Karmir (2) Vordan Karmir (3)

«Ճիշտ է, մենք խմբով երբեք չենք մտածել, որ կարելի է այլ երկրների վրա հույս դնել, բայց եղավ այնպես, որ արդարացվեցին մեր վատագույն սպասելիքները։ Մենք պետք է հույսներս դնենք բացառապես մեր վրա։ Որոշեցինք մենք էլ մեր ուժերի չափով ներդրում ունենալ երկրի պաշտպանության գործում»:

Դավիթ Գալստյանի խոսքով՝ առաջնագիծ գնում էին իրենցից ավելի փորձառուները, այդ իսկ պատճառով իրենք այս միջոցով են օգնում բանակին, մինչև գա իրենց հերթը:

«Որոշեցինք համերգ կազմակերպել ու ամբողջ հասույթը փոխանցել Արցախի պաշտպանության ֆոնդին։ Այդպես էլ արեցինք, բայց հետո հասկացանք, որ քիչ է միանվագ փոքր ներդրումը, ու դա պետք է դառնա գաղափարի մի մաս։ Խմբով որոշեցինք մեր հետագա ամբողջ գործունեության ընթացքում եկամուտի 10%-ը ներդնել մեր երկրի որևէ կարևոր ոլորտի զարգացման համար։ Հիմա մեր երկրի համար այդ ոլորտը երկրի պաշտպանությունն է ու անվտանգությունը, ուստի դեռ երկար ժամանակ մեր բոլոր տեսակի եկամուտների 10 տոկոսը կներդնենք այդ ոլորտում»,- նշեց Դավիթ Գալստյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս