Իսրայելի նախկին ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը նշանակվել է պաշտպանության նախարար
Իսրայելի արտաքին գործերի նախկին նախարար, «Մեր տունն Իսրայելն է» պահպանողական կուսակցության նախագահ Ավիգդոր Լիբերմանը նշանակվել է երկրի պաշտպանության նախարար, հայտնում է The New York Times-ը:
Պարբերականը նշում է, որ պաշտպանության նախարարի նշանակումը գլխավոր պայմանն էր, որ Լիբերմանի կուսակցությունը կմիանա իշխող կոալիցիային:
Իշխող կոալիցիային «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության միանալուց հետո խորհրդարանում կոալիցիայի մանդատների թիվը կհասնի 66-ի: Մինչ այդ վարչապետ Բենիաﬕն Նեթանյահուի ձևավորած կոալիցիան նվազագույն մեծամասնություն էր կազմում Կնեսետում՝ ստանալով 120 տեղից 61-ը:
The Jerusalem Post-ը, իր հերթին, նշում է, որ նոր կոալիցիոն համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ արդեն այսօր, իսկ նոր կոալիցիայի հաստատումը Կնեսետին կներկայացվի արդեն հաջորդ երկուշաբթի օրը:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հրաժարական էր ներկայացրել՝ իր հրաժարականը պատճառաբանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդեպ «կորցրած վստահությամբ»:
«Ես հեռանում եմ կառավարությունից ու Կնեսետից ու մտադիր եմ դադար տալ իմ քաղաքական կարիերայում»,- ասվում է Յաալոնի հայտարարության մեջ:
Jerusalem Post-ը հիշեցնում է, որ Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախարարի միջև կոնֆլիկտը ծագել էր մարտի վերջին Հեբրոնում տեղի ունեցած դեպքերի քննարկման հետևանքով:
Մարտի 24-ին իսրայելական բանակի զինծառայողը կրակ էր բացել վիրավոր պաղեստինցու ուղղությամբ, ով վտանգ չէր ներկայացրել վերջինիս համար: Նեթանյահուն հակված էր արդարացնել զինծառայողի գործողությունները, իսկ Յաալոնը խոսում էր հարցի բարոյական-էթիկական կողմի ու զինվորականի կողմից նման քայլի անթույլատրելիության մասին: