Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան ազատ է արձակվել բանտից
Ադրբեջանի Գերագույն դատարանն այսօր դատական նիստում քննել է լրագրող Խադիջա Իսմայիլովայի բողոքը՝ կապված իր դատավճռի հետ, հայտնում է APA գործակալությունը:
Դատական նիստում որոշում է կայացվեն նրա 3 տարի 6 ամիս պատժաժամկետը փոխարինել պայմանական ազատազրկմամբ:
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը լրագրողին դատապարտել էր 7.5 տարվա ազատազրկման:
Իսմայիլովան բողոքարկել էր դատարանի վճիռը, որտեղ պահանջում էր փակել իր դեմ հարուցված գործն ու ազատել իրեն, սակայն դատարանը չէր բավարարել նրա բողոքը: Իսմայիլովան ներկայացրել էր վճռաբեկ բողոք: Խադիջա Իսմայիլովայի պաշտպանությամբ զբաղվում էր հայտնի փաստաբան Ամալ Քլունին:
«Ազադլիգ» («Ազատություն») ռադիոկայանի լրագրողին դատարանը մեղավոր էր ճանաչել զրպարտության, հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու իշխանությունը չարաշահելու մեջ: Անձամբ լրագրողը պնդում էր, որ իրեն առաջադրված մեղադրանքները անհիմն են:
Լրագրողը ձերբակալվել էր 2014թ. սեպտեմբերի 5-ին Բաքվի օդանավակայանում՝ Թբիլիսիից վերադառնալիս:
Խադիջա Իսմայիլովան մշտապես եղել է Ադրբեջանի կառավարության թիրախում իր լրագրողական գործունեության պատճառով: Նա մի շարք լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որտեղ բացահայտել է Ադրբեջանի իշխանական վերին օղակներում կաշառակերությունն ապացուցող փաստեր:
Միջազգային հանրությունը բազմիցս կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատել վերջինիս՝ նրան անվանելով «խղճի բանտարկյալ»: