«Մեր ամեն մի զինվորի կյանքի դիմաց մենք պարտավոր ենք թշնամուց վերցնել 100-ից 1000 կյանք»

Հայաստանի եզդիական համայնքը կանգնած է հայ ազգի կողքին և պատրաստ է մինչև վերջ կռվելու թշնամու դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեցին Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները, եզդի երկրապահները: Աշխարհի եւ Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը նշեց, որ ինչպես 90-ական թվականների արցախյան պատերազմի ժամանակ, այնպես էլ ապրիլի քառօրյա պատերազմական գործողություններին եզդիները ոտքի կանգնեցին և մեկնեցին առաջին գիծ:

«Հայաստանի իշխանությունները, հայ ժողովուրդը միշտ լավ են վերաբերել եզդիներին: Հայաստանն այն երկրներից է, որ եզդիներին օրինական կարգով համարում է ազգային փոքրամասնություն, ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմանները, սեփական մշակույթը, ավանդույթները պահպանելու, զարգացնելու համար: Հայերն ու եզդիներ եղբայրական ժողովուրդ են, ինչպե՞ս կարող ենք մենք դա մոռանալ: Մենք պատրաստ ենք լինել եղբայր հայերի կողքին, պայքարել թշնամու դեմ»,- ասաց Ազիզ Թամոյանը:

Նրա խոսքով, միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա Ադրբեջանի սադրիչ գործողություններին:

Արցախյան քառօրյա պատերազմին Հայաստանի եզդի համայնքը կորցրեց 5 զինվոր: Հայաստանի եզդիական համայնքի հոգևոր առաջնորդ, երկրապահ Բրո Հասանյանի խոսքով, հայրենքի համար տված կյանքն անմահություն է:

«Մեր ամեն մի զինվորի կյանքի դիմաց մենք պարտավոր ենք թշնամուց վերցնել 100-ից 1000 կյանք: Եվ այդպես էլ կա: Մեր սահմանին կանգնած զինվորները ճիշտ կողմոնորշվեցին և արժանի հակահարված տվեցին թշնամուն, նրանց մեջ խոսեց պապերի արյունը: Շնորհակալ ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից, Պաշտանության նախարար Սեյրան Օհանյանից, որոնք ժամանակին կանգնեցին զինվորի կողքին: Այսօր մենք հաղթանակած զինվորներ ունենք, հաղթանակած`բանակ»,- ասաց Բրո Հասանյանը` նշելով, որ մոտավոր հաշվարկով 5 տասնյակից ավելի եզդիներ քառօրյա պատերազմից ի վեր սահմանագծում են եղել:

848446

Երկրապահներ Համլետ Թամոյանն ու Մրազ Կալոյանը նոր են վերադարձել Արցախից, այս օրերին եղել են առաջնագծում, ժամկետային և պայմանագրային զինծառայողների կողքին: Նրանք վստահեցնում են, որ սահմանին կանգնած զինվորները հերոսներ են:

«Եթե թշնամին գաղտնի հարձակվեց մեզ վրա, ապա մենք օրը ցերեկով նրանց ետ վռնդեցինք: Ես շատ ուրախ եմ, որ ունենք բանակ, որը կարողանում է պաշտպանել իր հայրենի հողը: Այս օրերին բարեբախտաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան»,-ասաց Համլետ Թամոյանը:

Երկապահ Մրազ Կալոյանը ևս նոր է վերադարձել Հադրութից: Նրան բախտ է վիճակվել քառօրյա պատերազմում կռվել այն նույն դիրքերում, որտեղ կռվել է 1990-ականներին:

«Ես ձեզ վստահեցնում եմ, մեր զինվորները շատ հզոր են, աշխարհում այդպիսի զինվորներ չկան: 25 տարի խրամատում պայքարում են իրենց ազատության, անկախության համար` պաշտպանելով հայրենի հողը: Ես կցանկանայի անդրադառնալ նաև սնունդի հետ կապված խոսակցություններին: Վստահաբար կարող եմ ասել, որ սնունդը ծով է եղել, նույնիսկ եղածը չենք հասցրել ուտել: Հագուստի մասին էլ չեմ խոսում: Ամեն ինչ կարգին է եղել, հայ ժողովուրդը թող հանգիստ լինի»,- հավելեց Մրազ Կալոյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործություններին` ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի անդամ, եզդի ազգաբնակչության ներկայացուցիչ Սիաբան Բաքոյանը նշեց, որ աշխարհի տարբեր երկրներում եզդի համայնքի ներկայացուցիչները հետամուտ են այդ խնդրին: Ըստ նրա` տարբեր հարթակներում իրենց ունեցած հնարավորություններով եզդիները նույնպես բարձրացնում են Ադրբեջանի զինուժի կողմից եզդի զինվորին գլխատելու հարցը: Եզդիները պնդում են, որ հանցագործները պետք է արժանի պատիժ ստանան:

Տեսանյութեր

Լրահոս