Պատժամիջոցները Ռուսաստանին չեն ստիպի հրաժարվել ազգային շահերից. Լավրով
Միակողմանի պատժամիջոցների ճանապարհով Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձերը չեն ստիպի Մոսկվային հրաժարվել ազգային շահերից: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Ակնհայտ է, որ Ռուսաստանի վրա միակողմանի պատժամիջոցների ճանապարհով ճնշման փորձերը չեն ստիպի հրաժարվել մեր սկզբունքային գծից»,- հայտարարել է Լավրովը հունգարական Magyar Nemzet պարբերականին տված հարցազրույցում:
Լավրովը բացատրել է, որ պարենային էմբարգոն, որը դարձավ Արևմուտքի գործողությունների պատասխանը, հավասարակշռված քայլ էր ու հաշվի էր առնում Ռուսաստանի պարտավորությունները և իրավունքները՝ ըստ միջազգային պայմանագրերի:
ՌԴ արտգործնախարարը դարձյալ շեշտել է, որ Ռուսաստանը չի քննարկել ու մտադիր չէ քննարկել սահմանափակումները չեղյալ հայտարարելու մասին չափորոշիչները: «Նման հարց անհրաժեշտ է ուղղել նրանց, ովքեր եղել են պատժամիջոցային պարույրի նախաձեռնության հեղինակները»,- հավելել է դիվանագետը:
Միաժամանակ, Լավրովը հավելել է, որ Մոսկվան հավատում է ԵՄ-ի հետ հարաբերություններում բացասականի հաղթահարմանը: Նրա խոսքով՝ կողմերին «չափազանց շատ բան է կապում աշխարհագրորեն, տնտեսական, պատմական, պարզապես մարդկային առումով»:
Եվրամիության սահմանափակիչ միջոցառումների գործողության ժամկետը լրանում է հուլիսի 31-ին: ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցը քննարկվելու է հուլիսի 28-29-ը կայանալիք գագաթաժողովի ժամանակ: