ԵՏՄ-ի երկրները հունիսին Իրանի հետ խորհրդատվություններ կսկսեն ազատ առևտրի գոտու վերաբերյալ
Հունիսին Իրանի հետ ոչ պաշտոնական խորհրդատվություններ կսկսվեն ԵՏՄ երկրների հետ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի վերաբերյալ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հանձնարարել է Իրանի հետ խորհրդատվություններ սկսել ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագրի կնքման վերաբերյալ:
«Իրանի հետ համագործակցության մասով ﬔնք առաջին քայլը տեսնում ենք ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման ճանապարհով առևտրային սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների վերացման մեջ: Սակայն առայժմ ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ որոշում, բնականաբար, չի կայացվել:
Նման որոշումներն ընդունվում են համատեղ հետազոտական խմբի ուսումնասիրման արդյունքներով, զեկուցվում է նախագահներին ու դրանից հետո միայն՝ նման աշխատանքից լուրջ օգուտի դեպքում, մանդատ ենք ստանում՝ բանակցություններ վարել»,- այսօր Աստանայի տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Նիկիշինան:
Նրա խոսքով՝ որոշում է կայացվել Իրանի հետ ստեղծել յուրահատուկ նախադեպ: «Դրանք ոչ պաշտոնական խորհրդատվություններ են, ու մենք հունիսին, հավանաբար, ձեռնամուխ կլինենք նման խորհրդատվություններին»,- նշել է նա: