Արիֆ և Լեյլա Յունուսները քաղաքական ապաստան են խնդրել Հոլանդիայից
Ադրբեջանական Minval.az կայքը տեղեկացնում է, որ Հոլանդիայի արտգործնախարարությունը դիմում է ստացել Ադրբեջանի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսից ու նրա ամուսնուց՝ Արիֆ Յունուսից: Վերջիններս խնդրել են իրենց քաղաքական ապաստան տրամադրել:
Տեղեկությունների համաձայն՝ Յունուս ամուսիններն արդեն ներկայացրել են քաղաքական ապաստան ստանալու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ու պետք է մեկ շաբաթվա ընթացքում ստանան իրենց դիմումի պատասխանը:
Ամուսինների միակ դուստրը՝ Դինարան, Հոլանդիայից ապաստան էր ստացել 2009 թվականին: Ներկայում ընտանիքը բնակվում է Ամստերդամում:
Լեյլա ու Արիֆ Յունուսներն ավելի վաղ դիմում էին ներկայացրել դատարանին՝ բուժման նպատակով Ադրբեջանից ժամանակավոր հեռանալու թույլտվության ստացման համար: Հայտարարության մեջ նշվել է, որ համաձայն բժշկական փորձաքննության, իրավապաշտպան Լեյլա Յունուսը տառապում է քրոնիկ հեպատիտով, զարկերակային հիպերտենզիայով ու շաքարախտով, ունի մեծ քար լեղապարկում ու սուր ցավեր ստամոքսում:
Արիֆ Յունուսը տառապում էր 3-րդ աստիճանի զարկերակային հիպերտենզիայով, երկու անգամ կաթված էր ստացել:
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Լեյլա Յունուսին դատապարտել էր 8,5 տարվա, իսկ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում էին Հայաստանի օգտին լրտեսություն անելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու ֆինանսական մեքենայությունների մեջ:
2015թ. նոյեմբերի 12-ին Բաքվի Վերաքննիչ դատարանը փոխեց Արիֆ Յունուսի խափանման միջոցն ու նրան երկրից դուրս չգալու ստորագրությամբ ազատ արձակեց:
2015թ. դեկտեմբերի 9-ին Բաքվի Վերաքննիչ դատարանը փոխեց նաև Լեյլա Յունուսի խափանման միջոցը: Դատարանի որոշման համաձայն՝ Լեյլա Յունուսի 8,5 տարվա ազատազրկումը փոխարինվեց 5 տարի պայմանական ազատազրկմամբ: