Ադրբեջանի կառավարությունը ստիպում է ԱՄՆ-ին միջոցներ ձեռնարկել. սենատոր Ջոն Մակքեյն
Ամերիկացի ազդեցիկ սենատոր, հանրապետական Ջոն Մակքեյնը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում կոչ է արել Բաքվին ազատ արձակել լրագրող Խադիջա Իսմայիլովային՝ հակառակ դեպքում սպառնացել է Ադրբեջանի իշխանությունների դեմ միջոցներ ձեռնարկել, հայտնում է contact.az-ը:
Հարցին, թե ինչ է սենատորի համար Իսմայիլովայի աշխատանքը, որը հետաքննում է Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների բիզնեսը, Մակքեյնը ասել է, որ Խադիջայի կալանավորումը դուրս է գալիս անձի շրջանակից ու ընդգրկում է հարցերի ավելի լայն շրջանակ:
«Խոսքը խիզախ ու արի կնոջ կողմից կոռուպցիայի բացահայտման մասին է: Կալանավորելով Խադիջային՝ Ադրբեջանի կառավարությունը պայքարում է ժողովրդավարության ու ազատ մամուլի դեմ՝ ցույց տալով բոլորին, թե ինչ է լինում նման գործունեության դեպքում: Այդկերպ, դա ոչ միայն Խադիջայի պատմությունն է, այլև վկայում է բարեփոխումների անհրաժեշտության մասին»,- ասել է ամերիկացի սենատորը:
Նրա համոզմամբ՝ կասկած չկա, որ նրան բանտում պահելը բացասական ազդեցություն է ունենալու:
«Կառավարությունն անտեսում է միջազգային նորմերը, շարունակում է կալանավորել անմեղ մարդկանց՝ խախտելով նրանց իրավունքն ու մամուլի ազատությունը: Այդ գործընթացների շարունակությունը ստիպում է մեզ ձեռնարկել որոշակի քայլեր»,- ասել է նա:
Մակքեյնի խոսքով՝ այն, ինչ անում է Ադրբեջանի կառավարությունը, «սխալ է», քանի որ դրանով փչանում է երկրի իմիջը: