Նավթի գնանկումն ադրբեջանական SOCAR ընկերության ստիպել է փակել Շվեյցարիայում գրասենյակը
Նավթի գնի գրեթե եռակի նվազումը վերջին մեկուկես տարում ադրբեջանական պետական SOCAR ընկերությանը ստիպել է անցկացնել ծախսերի օպտիմալացում ու վերակազմավորել ընկերության տարբեր ստորաբաժանումները:
Այս մասին ռուսալեզու «Նաշա գազետա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպան Աքրամ Զեյնալըն:
Նրա խոսքով՝ իրենք ստիպված են եղել վերանայել տարբեր երկրներում SOCAR-ի ներկայացուցչության քաղաքականությունը:
«Հաշվի առնելով, որ SOCAR-ը Շվեյցարիայում ներկայացված էր 3 տարբեր կառույցների կողմից, այն է՝ պաշտոնական ներկայացուցչությամբ, ինչպես նաև SOCAR Trading ու SOCAR Energy Switzerland ընկերություններով, որոշում է կայացվել փակել Ժնևում SOCAR-ի ներկայացուցչությունը»,- նշել է ադրբեջանցի դեսպանը: