Բաժիններ՝

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում աշխատողների կրճատումներ չեն լինի

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում կրճատվել է 3 մեքենա, իսկ աշխատողների կրճատում դեռևս չի նախատեսվում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Դավիթ Լոքյանը՝ նշելով, որ իրենց նախարարությունը շատ փոքր աշխատակազմ ունի:

«Մեր նախարարությունն ուներ մոտ 10 մեքենա, որոնցից երեքը դեռևս Արտակարգ իրավիճակների նախարարությունում են գտնվում: Գործող ՊՈԱԿ-ները երկուսն են՝ ՀՀ-ի պետական արխիվ ՊՈԱԿ-ը, որտեղ մեկ մեքենա կա տնօրենի համար, որը չի կրճատվել, և Միգրացիայի պետական կոմիտեն, որտեղից կրճատվել են 3 մեքենաներ, սրանով ավարտվել է գործընթացը մեր նախարարությունում»,- նշեց նախարարը:

Նա հայտնեց, որ իրենց նախարարությունում չկան հավելյալ աշխատատեղեր, որովհետև երկու նախարարությունների միացման հետևանքով՝ այդ հաստիքների մի մասը փոխանցվել է:

Դ. Լոքյանի խոսքով՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից աշխատողների կրճատումներ չեն լինի, դեռ հնարավոր է, որ առաջիկայում նոր հաստիքների կարիք լինի:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ կրճատումները մարզպետարաններից արվեն, Դ. Լոքյանն այսպես պատասխանեց. «Այսօր առաջին անգամ ժամը չորսին հանձնաժողովը փոխվարչապետի գլխավորությամբ սկսել է նիստը, և ձեր բարձրացրած հարցերն այդտեղ կքննարկվեն. օպտիմալացումը պետք է լինի այնպես, որ գերատեսչությունը կարողանա իր ֆունկցիաներն ապահովել, դա ինքնանպատակ չպետք է լինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս