Հայաստանում սկսվել է նոր ժամանող ռուս զինծառայողների բժշկահոգեբանական հետազոտումը
Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել է նոր ժամանող զինծառայողների բժշկահոգեբանական հետազոտումը եւ սեզոնային պատվաստումը:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պլանային փոխարինման շրջանում Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների բժիշկները կհետազոտեն ժամանող ավելի քան 2000 զինծառայողների:
Զինվորական հոսպիտալի բուժանձնակազմի կողմից ռուսական զորամիավորում ժամանող բոլոր զինծառայողները կպատվաստվեն մի շարք հիվանդությունների դեմ՝ բարձրլեռնային տեղանքում «էքստրեմալ» շոգ կլիմայի պայմաններում իմունիտետի ամրապնդման համար:
Զինվորական հոգեբաններն ստուգում են նոր ժամանող զինվորների ու սերժանտների բարոյահոգեբանական կայունությունը եւ համապատասխան թեստավորում անցկացնում:
Ներկայում բուժզննման է ենթարկվել ադապտացիոն շրջան անցնող ավելի քան 600 զինծառայող: