«Մայրաքաղաքում բոլոր նախատեսված ծրագրերը կատարվել են 100%-ով»
Այսօր ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացրեց, որ անցած տարի շուրջ 1.1 մլրդ դրամ սուբվենցիա է հատկացվել Երևանի քաղաքապետարանին՝ աշխատակազմի պահպանման նպատակով, որն ամբողջությամբ օգտագործվել է և 27.3%-ով գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը, ինչը հիմնականում պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ: Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ծախսվել է 5.1 մլրդ դրամ: Ծրագրի ծախսերը 33.4%-ով գերազանցել են նախատեսված ցուցանիշը, ինչը պայմանավորված է նրանով, որ իրականացվել են նախատեսվածից ավելի աշխատանքներ:
Ըստ նրա` Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման աշխատանքների իրականացմանը պետական աջակցության համար նախատեսված միջոցներն ամբողջությամբ օգտագործվել են` կազմելով շուրջ 3.3 մլրդ դրամ, որից 3.1 մլրդ դրամն օգտագործվել է՝ բակերի և փողոցների ընթացիկ վերանորոգման, իսկ 149.8 մլն դրամը՝ ճաքալցման համար: Նախորդ տարվա համեմատ՝ նշված ծախսերը չեն փոփոխվել:
Կ.Արեյանը նշեց, որ 2.5 մլրդ դրամ սուբսիդիա է տրամադրվել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման նպատակով: Նախորդ տարվա համեմատ՝ նշված ծախսերը նվազել են 2%-ով կամ 49.6 մլն դրամով:
2 մլրդ դրամ է կազմել Երևան համայնքին 4-րդ աստիճանի վթարային շենքերի քանդման հետևանքով բնակտարածությունից զրկված բնակիչների փոխհատուցման համար 235 բնակարանների ձեռքբերման նպատակով տրամադրված պետական աջակցությունը:
2015 թ. Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող` Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրին տրամադրվող տեխնիկական աջակցության վարկային ծրագրի շրջանակներում կատարվել են շուրջ 8.4 մլրդ դրամի ծախսեր` 2.4 անգամ գերազանցելով ծրագրային ցուցանիշը, որը պայմանավորված է ծրագրվածից ավելի աշխատանքների կատարմամբ:
2015 թվականին պետական բյուջեի ծախսերի` փողոցների լուսավորման խմբում համայնքների բյուջեներին նպատակային հատկացումների` սուբվենցիաների տրամադրման համար նախատեսված է 2.2 մլրդ դրամ: Միջոցներն ուղղվել են Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացմանը: 2014թ. համեմատ՝ նշված ծախսերն ավելացել են 13.2%-ով` պայմանավորված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ:
«Մայրաքաղաքում բոլոր նախատեսված ծրագրերը կատարվել են 100%-ով»,- ասաց Կ.Արեյանը: