«Եվրատեսիլ-2016»-ին հետևել է ավելի քան 200 մլն հեռուստադիտող
«Եվրատեսիլ-2016»-ը դիտել է 204 մլն հեռուստադիտող՝ 5 միլիոնով ավելի, քան 2015 թվականին: Այս մասին տեղեկացնում է Ժնեւում հաստատված Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ):
«Մենք սրտի թրթիռով ընդունեցինք այն փաստը, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն ընդլայնում է իր լսարանը, եւ այժմ այն ամբողջ աշխարհում գերազանցել է 200 միլիոնը»,-հայտարարել է Ինգրիդ Դելտենրեն՝ ԵՀՄ-ի գլխավոր տնօրենը:
Հեռարձակողների միության հաշվարկների համաձայն՝ երեք ուղիղ հեռարձակումների՝ մրցույթի երկու կիսաեզրափակիչների եւ եզրափակիչի (մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին) լսարանը 204 միլիոն մարդու է հասել հեռարձակման 42 շուկաներում: «Դա 5 միլիոնով ավելի է, քան 2015 թվականին»,- ընդգծել են ԵՀՄ-ում: Շվեդիայում մրցույթի եզրափակիչը դիտել է 3,6 մլն հեռուստադիտող, Ուկրաինայում, որը հաղթող է դարձել, 1,5 միլիոն: Իսկ լսարանի ընդգրկույթի ամենամեծ բաժինը գրանցվել է Իսլանդիայում՝ 95,3 տոկոս:
Կազմակերպիչները հատկապես նշում են երիտասարդների (15-ից մինչեւ 24 տարեկան) մեծ ուշադրությունը «Եվրատեսիլ-2016»-ի նկատմամբ. մրցույթի եզրափակիչի հեռուստալսարանի 42,4 տոկոսը կազմել են երիտասարդները, թեեւ սովորաբար փրայմ-թայմում այդ տարիքային խմբի ներկայացուցիչները միջին հաշվով կազմում են հեռուստատեսային լսարանի 10,4 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: