EgyptAir-ի ինքնաթիռը չի փոխել կուրսը ընկնելուց առաջ. Եգիպտոսի իշխանություններ
EgyptAir ավիաընկերության А320 ինքնաթիռը չի փոխել կուրսը մինչ Միջերկրական ծովն ընկնելը, կարծում են Եգիպտոսի քաղավիացիայի ներկայացուցիչները:
Ավելի վաղ Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը պնդում էր, որ ինքնաթիռը 90 աստիճանով շրջվել է դեպի ձախ, իսկ մինչ ընկնելը 360 աստիճանով թեքվել աջ ու կտրուկ ցած իջել ավելի քան 7600 մետրով:
Եգիպտոսի ազգային աերոնավիգացիոն սպասարկման ղեկավար Էհաբ Ազմիի խոսքով՝ ինքնաթիռը մինչ կործանումը ոչ մի անսովոր մանևր չի կատարել: Նրա խոսքով՝ մինչ ռադարների էկրաններից անհետանալը ինքնաթիռը շարունակել է թռչել իր սովորական՝ 11280 մետր բարձրության վրա:
«Այդ փաստը հերքում է այն, ինչ ասում են հույները, որոնք հայտարարում են, որ ինքնաթիռն անսպասելիորեն սկսել է կորցնել արագությունը»,- ասել է Ազմին Associated Press-ին տված հարցազրույցում:
Եգիպտացի բարձրաստիճան պաշտոնյան նաև պատմել է այն մասին, որ ինքնաթիռը չի ունեցել ոչ մի խնդիր այն բանից հետո, երբ մտել է Եգիպտոսի օդային տիրույթ:
Ավելի վաղ Եգիպտոսի իշխանությունները «սև արկղերի» վայր են ուղարկել ռոբոտացված ստորջրյա նավ, որը ի վիճակի է սուզվել մինչև 3 կմ:
Անցած հանգստյան օրերին Եգիպտոսի քաղավիացիայի հարցերով նախարար Շերիֆ Ֆաթհին հայտարարել էր, որ ինքնաթիռում ահաբեկչության վարկածն ավելի հավանական է, քան տեխնիկական անսարքության վարկածը:
EgyptAir ավիաընկերության Airbus А320 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Փարիզից դեպի Կահիրե, մայիսի 19-ի առավոտյան անհետացել էր ռադարներից: Ինքնաթիռում գտնվել էր 66 մարդ՝ 56 ուղևոր (ներառյալ՝ 3 երեխա), անձնակազմի 7անդամ, սպասարկող թիմի 3 ներկայացուցիչ: Ինքնաթիռն անհետացել է ռադարներից՝ Եգիպտոսի օդային տիրույթում անցնելով 16 կմ: