«Դա բացահայտ կեղծիք է». Էդվարդ Նալբանդյանի պատասխանը՝ Ալիևին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, անդրադարձել է Բրյուսելում մայիսի 23-ին կայացած ԵՄ և ԱլԳ նախարարական հանդիպման արդյունքներին և իբր հայկական ուժերի կողմից քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ Իլհամ Ալիևի հայտարարությանը։ Ներկայացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տրանադրած հարցերն ու պատասխանները։

– Պարոն Նալբանդյան, ի՞նչ արդյունքներ արձանագրվեցին Բրյուսելում այս հանդիպմանը։

Հայաստանը ակտիվորեն շարունակում է համագործակցությունը Եվրոպական միության հետ։ Արդեն կայացել է հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների երեք փուլ։ Խորանում է փոխգործակցությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման, նաև՝ ոլորտային համագործակցության՝ գիտության, կրթության, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, առողջապահության, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում. մենք միացանք «Հորիզոն 2020» և «COSME» ծրագրերին։ Շարունակվում է շարժունակության բնագավառում համագործակցությունը, մենք քննարկում ենք մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցը։ Ակտիվ են շփումները խորհրդարանական, տեղական իշխանությունների ձևաչափերով։ Այս բոլոր հարցերն այսօր քննարկման առարկա էին Բյուսելում։

-Եթե կարելի է, ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հարց. Ալիևն այսօր Ստամբուլում նորից մեղադրանքներ է հնչեցրել նաև իբրև թե հակամարտության գոտում հայկական ուժերի կողմից քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

Դա բացահայտ կեղծիք է։ Ղարաբաղի արտգործնախարարությունը համապատասխան հայտարարությամբ հերքել է դա և պատրաստակամություն հայտնել դիտորդական առաքելություն ընդունելու՝ Բաքվի ստերը բացահայտելու, բայց նաև տեղում ծանոթանալու ադրբեջանական զինուժի կողմից կատարված հանցագործություններին։ Բաքվի կողմից այս կարգի բեմականացումները նպատակ են հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը շեղել Արցախի և Հայաստանի կողմից միջազգային տարբեր ատյաններ ներկայացված՝ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների աղաղակող փաստերից։

Եթե Բաքուն իրոք մտահոգված է իրականության բացահայտմամբ, ապա պետք է չխոչընդոտի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից տարիներ շարունակ առաջարկվող և Վիեննայում կրկին անգամ հավանության արժանացած՝ զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, օր առաջ գործնական քայլեր կատարի դրա ներդրման ուղղությամբ։

– Բայց Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարարում են, թե Վիեննայում Բաքուն միայն հանձնառություն է ստանձնել հրադադարի պահպանման վերաբերյալ, և որևէ այլ պարտավորություն, ինչպիսին է, օրինակ, հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը, Ադրբեջանը չի ստանձնել։ Արդյո՞ք սա կանխատեսելի էր։

Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ հստակ՝ սևը սպիտակի վրա արձանագրված են այն հանձնառությունները և պայմանավորվածությունները, որոնք ստանձել են կողմերը։ Դեռ հայտարարության թանաքը չչորացած՝ Ադրբեջանը նորից փորձում է հետքայլ կատարել:

Հատկանշական է, որ այդ հայտարությունների հեղինակներն են, ես կասեի, իրենց «մտքի գոհարներով» աչքի ընկնող արդբեջանական հայտնի պաշտոնյաները, ինչպես նաև հենց Ադրբեջանի ԱԳ նախարարի բնորոշմամբ՝ առանց մայրաքաղաքից ստացված հանձնարարականների ինքնագործունեությամբ զբաղվող Ադրբեջանի դեսպանները։

Փաստորեն, Բաքվի տրամաբանությամբ ստացվում է, որ գագաթաժողովին բոլոր ներկաները, այդ թվում նաև՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը, Ռուսաստանի արտգործնախարարը, Ֆրանսիայի պետքարտուղարը սխալ են հասկացել ձեռք բերված պայմանավորվածությունների էությունը։

Դա ևս մեկ անգամ վերահաստատում է, որ միջազգային հանրությունը և Բաքուն խոսում են տարբեր լեզուներով։ Բաքվի փորձերը՝ որոշ պաշտոնյաների միջոցով հրամցնել իր շինծու վարկածները, ապարդյուն են։

Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին անելու է հնարավորինը՝ կյանքի կոչելու Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, պայմաններ ստեղծելու՝ շարունակելու համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Տեսանյութեր

Լրահոս