Դեսպան Եսայանը հանդիպել է Տուլայում տեղի ունեցած ավտոբուսի վթարի գործով դատապաշտպանների հետ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը մայիսի 23-ին հանդիպել է ռուսաստանյան АРМРОСС ասոցիացիայի ներկայացուցիչներ Ռուբեն Կիրակոսյանի և Կարեն Ներսիսյանի հետ: Հանդիպմանը ներկայացվել է ռուսաստանյան տարբեր դատական ատյաններում և քննչական մարմիներում ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված ասոցիացիայի գործունեությունը: Քննարկվել են նաև 2015թ. նոյեմբերի 3-ին Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի գործով մեղադրվող Գառնիկ Հարությունյանի շահերը դատարանում ներկայացնելու շուրջ հարցեր: Այս մասին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեպանության մամուլի ծառայությունից, որ հաղորդագրության մեջ նշված է.

«Ռ.Կիրակոսյանն ու Կ.Ներսիսյանը հայտնել են Ուզլովայա քաղաքի շրջանային դատարանում նշյալ գործով դատավարության մեկնարկի մասին՝ ընդգծելով, որ քննչական մարմինը ներկայումս որպես տեղի ունեցած վթարի գլխավոր վարկած դիտարկում է երթևեկության թույլատրելի արագության գերազանցումը: Տեղեկացվել է նաև, որ քաղաքացու դատապաշտպանները մտադիր են դատարան դիմել՝ վթարի ենթարկված ավտոբուսի ընդհանուր տեխնիկական վիճակի շուրջ փորձագիտական զննում անցկացնելու նպատակով:

Առաջիկա դատական լսումներն այս գործով տեղի կունենան մայիսի 24-ին և 26-ին:

Հանդիպմանը քննարկվել են նաև АРМРОСС ասոցիացայի կողմից ՀՀ քաղաքացիներին իրավաբանական աջակցություն ցուցաբերելու շուրջ հարցեր, այդ թվում նաև՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում նույն ասոցիացիայի կողմից ՀՀ քաղաքացիների համար պարբերաբար իրավաբանական խորհրդատվություններ անցկացնելու անհրաժեշտությունը»:

Տեսանյութեր

Լրահոս