Բաժիններ՝

Սամվել Բաբայանը երեկ է վերադարձել Հայաստան. Գնել Ղլեչյան. tert.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Դաշինք» կուսակցության հիմնադիր Սամվել Բաբայանը երեկ վերադարձել է Երևան: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Գնել Ղլեչյանը:

«Այո, Սամվել Բաբայանը երեկ վերադարձել է Երևան՝ մոտ 5 տարի բացակայությունից հետո»,-ասաց Ղլեչյանը՝ հավելելով, թե չի կարող ասել՝ կոնկրետ ինչ նպատակով է Բաբայանը վերադարձել:
Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմից հետո ստորագրահավաք էր նախաձեռնվել՝ Սամվել Բաբայանի վերադարձի պահանջով։

Քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Արցախի պաշտպանության բանակի հիմնադիր, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը այսօր վերադարձել է Հայաստան: Վերջին շրջանում նա գտնվում էր Մոսկվայում:

Արցախի այս հերոսի անունից ադրբեջանցիների մարմնով սարսուռ է անցնում: Այս մարդն իր լրջագույն ռազմական գիտելիքներից և տակտիկական հոտառությունից բացի ահռելի հոգեբանական ազդեցություն ունի թշնամու վրա: Այնտեղ նրա անվան հետ լեգենդներ են հյուսված:

Մինչև 1992թ․ օգոստոսի 4-ը, երբ պաշտպանության բանակի հրամանատարը դեռ Բաբայանը չէր, Ադրբեջանին էին հանձնվել Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի 80 տոկոսը, Ասկերանի շրջանի 9 գյուղ, Հադրութի շրջանի 18 գյուղ, իսկ թշնամին հանգրվանել էր Մարտունի քաղաքի մատույցներում։ Փաստացի, հանձնված էր նախկին ԼՂԻՄ-ի 47 տոկոսը։ Երբ Բաբայանն իր վրա է վերցնում պատերազմի հրամանատարությունը, նրան 6 ամսվա ընթացքում հաջողվում է պարտիզանական-ֆիդայական ջոկատներից կանոնավոր բանակ ստեղել, որն այլևս որևէ տեղ չէր կանգնելու և ազգը բերելու էր հաղթանակի։

Բաբայանի օրոք փոխվեց զինվորի հոգեբանությունը՝ արձանագրված պարտություններից դեպի հաղթանակի անխուսափելիություն։ Պարտված զորքին հաղթանակի տանելը լրջագույն հմտություններ է պահանջում։

Սամվել Բաբայանի փորձն ու հմտությունները անգնահատելի դեր կարող են ունենալ նաև այսօր:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի անկախությունը ամենաբարձր մակարդակով բազմակի ճանաչել է միայն Սամվել Բաբայանին ուղղված նամակներում: Այս մասին «Սամվել Բաբայան. վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը տեսանյութ էր պատրաստել»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս