Գեղարքունիքի մարզի Սարուխան եւ Գանձակ գյուղերում քամին վնասներ է պատճառել

Գեղարքունիքի մարզի Սարուխան եւ Գանձակ համայնքներում ժամը 16.30- ի սահմաններում գրանցված ուժեղ քամին զգալի ավերածություններ է պատճառել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից, համաձայն ստացված ահազանգի, Սարուխան գյուղում քամին արմատախիլ է արել եւ տապալել ճամփեզրյա բարդի ծառեր, իսկ Գանձակում վնասել թիվ 2 միջնակարգ դպրոցի մասնաշենքի տանիքը:

«Քամու ուժգնությունը Գավառում կազմել է 14 մետր վայրկյան, բայց հնարավոր է, որ նշված համայնքներում այն ունեցած լինի ավելի ուժգին պոռթկումներ: Այս պահին մեր աշխատակիցները տեղում ուսումնասիրում են իրավիճակը, որի մասին կհաղորդենք լրացուցիչ: Մարզի մյուս տարածքներից քամու հասցված վնասների մասին առայժմ ահազանգեր չենք ստացել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս