Ինչու է Սերժ Սարգսյանն օգտագործել «աննախադեպ» բառը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարեց, որ ապրիլին պետբյուջե է մուտքագրվել 100 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը Հայաստանի համար ռեկորդային բարձր, աննախադեպ ցուցանիշ է։ Այսօր Ազգաին ժողովում լրագրողները ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է, որ ապրիլին հարկերը բարձր են եղել:
«Ապրիլին ունեցել ենք 97 մլրդ հարկային եկամուտներ, «աննախադեպ» բառն օգտագործվել է՝ նկատի ունենալով, որ անկախության տարիներից ի վեր ապրիլ ամսին այդքան եկամուտ երբեք չի հավաքագրվել: Դրա մեջ տեսակարար մեծ կշիռ ունեցան երկու հարկատեսակ` ԱԱՀ և շահութահարկ: Տարեկան շահութահարկի և ԱԱՀ-ի հաշվին է եղել: Հնարավոր եղավ շահութահարկ ապահովել այնպիսի կազմակերպություններից, որոնց գծով նախկինում մուտքեր չէինք ունեցել»,- ասաց Ա.Ալավերդյանը` չնշելով, սակայն, որևէ անուն: Նա խորհուրդ տվեց սպասել հարկատուների հաջորդ ցանկին, որը կհրապարակվի հուլիսին: Ըստ նրա` հարկերի բարձր մակարդակը ստուգումների արդյունքում չի եղել, ճշգրտումները կազմակերպություններ մի մասն ինքնակամ է կատարում` ՊԵԿ առաջարկով, և նման դեպքերը հարյուրավոր են, իսկ մի մասը հրաժարվում է:
Ա.Ալավերդյանը նշեց, որ տնտեսվարողները տարեկան 30 մլրդ ավելի շատ հարկային վնասներ են արձանագրել, քան նախորդ տարի, բայց հարց է, թե ինչպես է, որ կազմակերպությունների ծախսերն անընդհատ գերազանցում են եկամուտներին, դա արդյոք ծախսերը ուռճացնելո՞ւ արդյունք է:
Ըստ ՊԵԿ փոխնախագահի` ապրիլի մակարդակի հարկ մայիսին չենք ունենա. «Ամբողջ վերջին տարիների շղթան է ցույց տալիս դա, քանի որ ապրիլը հաշվետու ամիս է, շահութահարկի տարեկան հաշվետվության ամիսն է, դրա համար բոլոր տարիներին ապրիլին ավելի բարձր է լինում, քան մյուս ամիսներին: Ապրիլի մակարդակին կարող ենք մոտենալ միայն աշնանը»: