Համաշխարհային հանրությունը պետք է նպաստի հակամարտությունների լուծմանը. Պան Գի Մուն
Համաշխարհային հանրությունը պետք է նպաստի հակամարտությունների կարգավորմանը: Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ մասնակցելով Ստամբուլում անցկացվող համաշխարհային հումանիտար գագաթաժողովի բացմանը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Պան Գի Մունի խոսքով՝ հակամարտությունների հետևանքով հիմնականում տուժում է խաղաղ բնակչությունը: Նրա խոսքով՝ համաշխարհային հանրությունը պետք է ակտիվորեն պայքարի մարդասիրական ճգնաժամի դեմ:
«Ցավոք, այսօր տպավորություն է ստեղծվում, թե մարդկային կյանքը ոչ մի արժեք չունի»,- ասել է նա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ հարկավոր է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մինչև 2030թ. տեղաշարժվող մարդկանց թիվը կիսով չափ կրճատվի, փախստականների համար գտնվեն լուծման առավել լավ տարբերակներ:
«Մենք պետք է ներդրում կատարենք մարդկության մեջ»,- ասել է նա՝ կարևորելով գագաթաժողովի անցկացումը:
«Ես առաջարկել էի այդ գագաթաժողովն անցկացնել 4 տարի առաջ: Այսօր դրա ակտուալությունը միայն ավելացել է: Ռեկորդային թվով մարդիկ՝ 130 միլիոն մարդ, օգնության կարիք ունի՝ գոյատևելու համար»,- ասել է Պան Գի Մունը՝ հավելելով, թե գագաթաժողովում քննարկվելու են կարևոր հարցեր մի քանի ոլորտներից: «Առաջին հերթին՝ հակամարտությունների կանխարգելումն ու կարգավորումը: Մենք պետք է ավելի շատ բան անենք հակամարտությունները կարգավորելու համար: Երկրորդ՝ անհրաժեշտ է ուժեղացնել քաղաքացիական անձանց պաշտպանությունը»,-ասել է նա:
Ստամբուլի գագաթաժողովին մասնակցում է 177 երկրի ներկայացուցիչ, այդ թվում՝ 125 երկրի ու կառավարությունների ղեկավարներ: