Բաժիններ՝

Արցախ մեկնած երիտասարդի սոցիալապես անապահով ընտանիքին Գյումրիում այդպես էլ չաջակցեցին

asparez.am-ը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ գրել էինք, որ գյումրեցի 36-ամյա երիտասարդը 3 անչափահաս երեխաներին ու կնոջը թողել ու կամավոր մեկնել էր Արցախ: Ընտանիքն այդ օրերին անելանելի վիճակում էր: Սոցիալապես անապահով պայմաններում հայտնված ընտանիքի մայրը` 32-ամյա Ժաննան, օգնություն էր ակնկալում տեղի կառույցներից` հիմնականում Գյումրու քաղաքապետարանից ու Շիրակի մարզպետարանից, ընտանիքի միակ եկամուտը ընտանեկան նպաստն էր, այն ամեն ամիս կազմում է 34 հազար դրամ, իսկ ընտանիքի հայրը մինչ Արցախ մեկնելը գործազուրկ էր:

Ամուսինը Արցախից վերադարձել է օրեր առաջ, Ժաննայի խոսքով` աշխատանք է փնտրում, սակայն չի հաջողվում գտնել:Ժաննան փոխանցում է, որ թեպետ Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը իրենց մասին հրապարակված հոդվածով հետաքրքրվել են, բայց եւ օգնության ձեռք չեն մեկնել: Ավելին` Գյումրու քաղաքապետարանում Ժաննան որպես անապահով գրանցվել է, սակայն դիմումին այդպես էլ մինչ այժմ պատասխան չի ստացել:

Այս ընտանիքն արդեն 10 տարի է` ապրում է Սավոյան փողոցի տնակներից մեկում` կենցաղային անբավարար, տարրական պայմաններից զուրկ: Մեծ դուստրը 14 տարեկան է, կրտսերը` 13, իսկ տան ամենափոքրը որդին` 3 ամսական Նարեկն է:

Ապրիլի սկզբներին` քառօրյա պատերազմի ընթացքում, որպես կամավոր, Ռազմիկը հերթագրվել էր զինկոմում, իսկ մի քանի օր անց արդեն մեկնել Ղարաբաղ: Կինը պատմել էր, որ սկեսրայրը` Ռազմիկի հայրը, եղել է ազատամարտիկ, 90-ականներին մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, այդ նույն ընթացքում հոր հետ փոքր տարիքում Արցախում գտնվել է նաեւ Ռազմիկը: Մարտնչելու եւ պատերազմելու ձգտում Ռազմիկն ունեցել է դեռ մանկուց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս