
Չմկրտված մարդիկ մահից հետո դրախտ կգնա՞ն, թե՞ դժոխք. Նրանց համար թաղման կարգ կատարվո՞ւմ է

– Չմկրտված մարդիկ մահից հետո դրախտ կգնա՞ն, թե՞ դժոխք. Նրանց համար թաղման կարգ կատարվո՞ւմ է:
– Քրիստոս հստակ կերպով բացահայտեց փրկության պայմանն` ասելով. «Եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել» (Հովհ 3.5): Ս. Մյուռոնը Հայ Առաքելական եկեղեցում խորհրդանշում է Ս. Հոգու էջքը մկրտվողի վրա: Անձը ջրի մեջ երեք անգամ ընկղմվելով՝ մկրտվում և Ս. Մյուռոնով դրոշմվելով՝ Սուրբ Հոգու կենդնարար շնորհներն է ստանում։ Սա անհրաժեշտ պայման է յուրաքանչյուր մարդու համար, ով կամենում է քրիստոնյա դառնալ: Սակայն եթե մարդը մկրտված չէ, դա բավարար պայման չէ ասելու, որ նա դժոխք կգնա: Դրախտ թե դժոխք գնալը մենք չենք որոշում, այլ՝ Աստված: Նրանք ովքեր մկրտված չեն, նույնպես փրկության հույս ունեն, սակայն ըստ քրիստոնեական ընկալումների, նման մարդկանց փրկությունը ոչ թե շնորհով, այլ օրենքով է լինելու: Իսկ աստվածային օրենքով փրկվելու համար, պետք է այդ օրենքը կատարելապես պահել:
Չմկրտված մարդու համար, թեև թաղման կարգ չի կատարվում, սակայն կատարում ենք հոգեհանգիստ և աղոթում նրա հոգու փրկության համար:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am