Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել բրիտանացի ռեժիսոր Քեն Լոուչի դրաման
Բրիտանացի ռեժիսոր Քեն Լոուչի «Ես՝ Դենիել Բլեյքս» ֆիլմն ստացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» գլխավոր մրցանակը, հայտնում է BBC-ն:
Լոուչի համար, որը մյուս տարի կդառնա 80 տարեկան, սա Կաննում արդեն երկրորդ հաղթանակն է: 2006թ. կինոփառաոնի գլխավոր մրցանակին էր արժանացել նրա The Wind That Shakes the Barley ֆիլմը:
«Ես՝ Դենիել Բլեյքս» դրաման պատմում է Նյուքասլից մի տղամարդու մասին, որը ինֆարկտից հետո չի կարող աշխատել և փորձում է պետությունից ստանալ կենսաթոշակ:
Ֆիլմում նկարահանվել է հումորիստ Դեյվ Ջոունզը, սցենարի հեղինակը Լոուչի վաղեմի համախոհ, շոտլանդացի սցենարիստ Փոլ Լավերթին է:
«Մենք պետք է հույս ներշնշենք, մենք պետք է ասենք մարդկանց, որ աշխարհը կարող է այլ լինել»,- ասել է բրիտանացի ռեժիսորը Կաննի արարողության ժամանակ: «Ես՝ Դենիել Բլեյքս» ֆիլմը ռեժիսորի 13-րդ ֆիլմն է, որը ներկայացվում է Կաննում:
Այս տարի Կաննում երկու մրցանակի է արժանացել նաև իրանցի Ասղար Ֆահրադիի «Առևտրականը» ֆիլմը: Ժյուրին ֆիլմին մրցանակներ է հանձնել «Լավագույն սցենար» և «Լավագույն դերասան» (Շահաբ Հոսեյնի) անվանակարգերում:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակ է ստացել ֆիլիպինուհի Ժակլին Խոսեն իր հայրենակից Բրիլյանտե Մենդոսայի Ma’ Rosa ֆիլմի համար:
Փառատոնի Գրան պրին ստացել է կանադացի ռեժիսոր Քսավիե Դոլանը «Սա պարզապես աշխարհի վերջն է» (Juste la Fin du Monde) ֆիլմի համար: