Տաջիկստանի նախագահը կընտրվի այնքան, որքան ցանկանում է. տաջիկները հավանություն են տվել երկրի սահմանադրական բարեփոխումներին
Տաջիկստանի բնակիչների մեծ մասը կիրակի օրը կայացած ընտրություններում աջակցել է որոշմանը՝ փոփոխություններ կատարել երկրի Սահմանադրությունում: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով երկրի ԿԸՀ-ին:
«Փոփոխություններին կողմ է քվեարկել 3 միլիոն 814 մարդ կամ քվեարկողների 94,5%-ը՝ ընդդեմ 134 հազար 171 մարդու կամ 3,3%-ի»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տաջիկստանի ԿԸՀ ղեկավար Բախտիար Խուդոերզոդան: Նրա տվյալով՝ հանրաքվեին մասնակցել է քաղաքացիների 92%-ը կամ 4 մլն 38 հազար մարդ:
Սահմանադրական փոփոխությունները թույլ կտան երկրի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին նախագահ վերընտրվել առանց որևէ սահմանափակումների, ինչպես նաև իջեցվում է տարիքային շեմը նախագահի թեկնածուի համար՝ 35-ից 30-ի, ինչը հնարավորություն կտա Ռահմոնի ավագ որդուն՝ Ռուստամ Էմոմալիին, 2020թ. իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահի պաշտոնում, եթե հայրը որոշի հեռանալ նախագահի պաշտոնից:
Բացի այդ՝ փոփոխությունները նախատեսում են արգելք սահմանել կրոնական կամ ազգային շեշտադրությամբ քաղաքական կուսակցությունների ու միավորումների ստեղծման վրա:
Ընդդիմությունը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների հերթական շարքը միայն կշարունակի այն գործընթացները, որոնք ամրապնդում են Էմոմալի Ռահմոնի դիրքերը:
Էմոմալի Ռահմոնը Տաջիկստանի նախագահն է 1992 թվականից: